
Կառավարությունը ԱԺ նախագահին առաջարկել է վաղը արտահերթ նիստ գումարել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2013թ. դեկտեմբերի 20-ին ժամը 15:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգ ներառելով մի շարք օրենքների նախագծեր և միջազգային պայմանագրեր:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ կատարելու և «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի դրույթների գործողությունը ժամանակային առումով ունի սահմանափակ բնույթ և որի ազդեցությունը տարածվում է միայն 2013թ. բյուջետային տարվա վրա: Օրենսդրական փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: