Բաժիններ՝

Թուրքիայում վարկաբեկիչ տեսանյութեր են տարածվել Էրդողանի եղբոր ու ազգականների մասին

Թուրքական OdaTV-ի փոխանցմամբ՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու գյուլենական շարժման հիմնադիր Ֆեթհուլլահ Գյուլենի միջև հակամարտությունը հասել է իր գագաթնակետին: Թուրքական մի շարք ԶԼՄ-ներ ստացել են Էրդողանի ազգականների մասնակցությամբ պոռնոտեսանյութեր:

Դրա հետ կապված՝ Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ չի ակնկալել, որ նրանք այդքան ստոր են: Մի քանի օր առաջ նման տեսանյութեր է ստացել Sözcü թերթի սյունակագիր Էմին Չոլաշանը: Լրագրողը կարծում է, որ դա հանդիսանում է Էրդողանի ու Գյուլենի միջև մղվող միմյանց վարկաբեկելու պատերազմի մասը:

Սոցցանցերում արդեն իսկ տարածվել են Ռեջեփ Էրդողանի եղբայր Մուսթաֆա Էրդողանին վարկաբեկող երկու տեսանյութ, որոնցում երևում է, որ նա շփվում է Թուրքիայում թրաֆիքինգի գլխավոր կազմակերպիչներից մեկի հետ: Նշվում է, որ Մուսթաֆա Էրդողանին և թրաֆիքինգի համար նախկինում դատված այդ անձին միմյանց կապում են բիզնես-շահերը:

Թուրք լրագրողների գնահատմամբ՝ ինքը՝ Էրդողանն ու նրա ընտանիքի անդամները, գտնվել են թուրքական հատուկ ծառայությունների տոտալ վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ թուրք մտածող Ֆեթհուլլահ Գյուլենն իսլամի մասին հեղինակել է ավելի քան 60 գիրք՝ հիմք դնելով գյուլենական շարժմանը և մեծ ազդեցություն ունենալով Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամական հայացքների վրա: Գյուլենական շարժումը Թուրքիայում և արտասահմանում, մասնավորապես` Միջին Ասիայում, ունի միլիոնավոր հետևորդներ:

1998 թվականին (1997 թվականի հետմոդեռնիստական հեղաշրջումից հետո) Գյուլենը մեղադրվել է գործող կարգը տապալելու փորձի մեջ և նույն տարի հեռացել է ԱՄՆ: 2006 թվականի մայիսին (Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության կառավարման ժամանակաշրջանում) Թուրքիայում վերացվեցին Գյուլենի հասցեին հնչած բոլոր մեղադրանքները:

2008 թվականին ամերիկյան Foreign Policy պարբերականի ընթերցողները Ֆեթհուլլահ Գյուլենին ճանաչեցին որպես աշխարհի առաջադեմ ինտելեկտուալ: WikiLeaks-ի կողմից հրապարակվող Stratfor-ի նամակագրությունում (2011 թվական) նշված էր Գյուլենական շարժման և Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (Գյուլեն-Էրդողան) առճակատման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս