
Մոսկվայում ստորագրված փաստաթղթերի փաթեթը չի հակասում Ուկրաինայի եվրաինտեգրմանը. Յանուկովիչ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր հայտարարել է, որ երեքշաբթի Մոսկվայում տեղի ունեցած ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի նիստի արդյունքներով ստորագրված փաստաթղթերի փաթեթը չի հակասում Ուկրաինայի եվրոպական ինտեգրմանը:
Յանուկովիչի խոսքերով՝ փաթեթում խոսք է գնում ոչ թե ինտեգրման, այլ՝ տնտեսական հարաբերությունների մասին: Յանուկովիչը հայտարարել է, որ Ուկրաինան դրականորեն է տրամադրված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, եթե պարզվի, որ դրա պայմանները շահավետ են երկրի համար:
Յանուկովիչը խոստացել է, որ նմանատիպ հարցերի մասին որոշումներն ընդունվելու են համատեղ՝ խորհրդարանի ու կառավարության հետ միասին: Ռուսական գազի գնի զեղչման հետ կապված՝ Յանուկովիչը հայտարարել է, որ դա իրականացվել է մատակարարումների ծավալի մեծացման դիմաց.
«Ռուսաստանը կրճատել է գազի մատակարարումն Ուկրաինային: Ռուսաստանի համար դա շահավե՞տ է, թե՞ ոչ: Ո՛չ, շահավետ չէ: Մենք ասում ենք, իջեցրե՛ք գազի գինը, և մենք կմեծացնենք գազի գնման ծավալը: Ահա և ձեզ փոխզիջում»: