
Կալանավայրերում բարեփոխումները տեսանելի չեն. փաստաբան

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը, ով զբաղվում է քրեական գործերով, կալանավայրերում ռեֆորմների, փոփոխությունների ականատես չի եղել: Այս մասին նա այսօր ասաց «Մարդու իրավունքների պաշտպանության վերահսկման մեխանիզմների զարգացման նպաստումը ներպետական և միջազգային ատյաններում» զեկույցի հրապարակման ընթացքում:
«Նույն խնդիրները, ինչ որ եղել են կալանավայրերում և ՁՊՎ-ներում, մնացել են: Կարելի է ասել՝ մի փոքր փոփոխություններ կան ՁՊՎ-ներում, ժամանակավոր պահպանման վայրերում: Այնտեղ անձանց նկատմամբ մի փոքր ավելի երևի թե դրական մոտեցում, տեղաշարժեր կարելի է նկատել: Ինչ վերաբերում է մեկուսարաններին, կալանավորները գտնվում են նույն անմխիթար պայմաններում»,- ասաց Վարդուհի Էլբակյանը: Նա նշեց, որ այսօրվա դրությամբ մոտ 12 կալանավորված անձանց պաշտպանությունն է իրականացնում, որոնք հիմնականում բողոքում են տարրական կենցաղային պայմաններից: Նա պատմեց, որ երեկ հանդիպել է իր պաշտպանյալներից մեկին, ում մարմինն այտուցված է եղել. նրան խայթել են մրջյուններ և այլ միջատներ: Պաշտպանն ասաց, որ դեղորայք են տարել մեկուսարան, սակայն դեռ չգիտեն՝ այն կալանավորին հասել է, թե ոչ: Վարդուհի էլբակյանն անդրադարձավ նաև կալանավայրերի գերբեռնվածության խնդրին: 8 հոգու համար նախատեսված խցում պահվում է 14 տղամարդ, որոնք հերթով են քնում:
Զեկույցի մանրամասները՝ շուտով