Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցչին
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը երեկ երեկոյան ընդունել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր պլանավորման ու սկզբունքների վարչության պետ, գեներալ Ալփարսլան Էրդողանին:
Վերջինս գոհունակություն է հայտնել թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության շրջանակներում անցկացված հերթական նիստում կատարված աշխատանքների կապակցությամբ: Էրդողանը կարևորել է ռազմական ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանի ռազմա-քաղաքական ներկայիս իրավիճակը, այդ թվում նաև՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Բացի այդ, նրանք կարծիքներ են փոխանակել Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև կապերի զարգացման հեռանկարների շուրջ:
Էրդողանի ու Հասանովի հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը և Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերը:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի առաջին օրերին Անկարայում անցկացված Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) որոշմամբ՝ բրիգադի գեներալ Նևզաթ Թաշդելերը ազատվել էր Թեքիրդաղի նահանգի Չերքեզքյոյ շրջանում գտնվող 3-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարի պաշտոնից և նշանակվել էր Բաքվում Թուրքիայի ռազմական կցորդի պաշտոնում:
Նևզաթ Թաշդելերի ավագ (15 տարով) եղբայր, բանակի գեներալ Հուսեին Նուսրեթ Թաշդելերը, ով պաշտոնաթող արվեց YAŞ-ի նիստում, 2007 թվականի Ումրանիեի հարձակման դատական գործով («Էրգենեքոն») այս տարի դատապարտվել է ցմահ ազատազրկման և ուղարկվել է Սիլիվրիի բանտ:
Բաքվում Թուրքիայի ռազմական կցորդի պաշտոնում Հասան Նևզաթ Թաշդելերի նշանակվելու հետ կապված՝ ադրբեջանական մամուլը գրել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր թշնամուն ուղարկել է Ադրբեջան: