ՄԱԿ ԱԽ-ը կես տարով երկարաձգել է Գոլանի բարձունքներում խաղաղապահ ուժերի մնալու մանդատը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը կես տարով երկարաձգել է Սիրիայի ու Իսրայելի միջև բաժանարար գոտում՝ Գոլանի բարձունքներում, խաղաղապահ ուժերի (UNDOF) մնալու ժամկետը: UNDOF-ի մանդատի երկարաձգումը նախաձեռնել են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ինչն էլ արժանացել է ՄԱԿ ԱԽ-ի միաձայն հավանությանը:
Փաստաթղթի համաձայն, UNDOF-ի մանդատը երկարաձգվել է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը: ՄԱԿ ԱԽ-ը դատապարտել է Գոլանի բարձունքներում խաղաղապահների վրա կատարված հարձակումները և ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ զինված ընդդիմադիր խմբերը ռազմական որևէ գործունեություն չպետք է ծավալեն բաժանարար գոտում:
UNDOF-ի անձնակազմը կազմում է 1250 մարդ: Գոլանի բարձունքներում խաղաղապահ կոնտինգենտն իր գործունեությունը սկսել է 1974 թվականից՝ վերահսկելու համար Սիրիայի ու Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի պահպանումը: