
ԱՄՆ սենատը քվեարկել է փոխզիջումային բյուջեի օգտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատը երեկ երեկոյան քվեարկել է փոխզիջումային բյուջեի օգտին, որում խոսք է գնում հետագա երկու տարիներին կառավարության ֆինանսավորման մասին: Դրա օգտին քվեարկել է 64 սենատոր, դեմ՝ 36-ը:
Հոկտեմբերին ԱՄՆ կոնգրեսում բյուջետային դիմակայություն էր ծագել դեմոկրատների ու հանրապետականների միջև, ինչը հանգեցրեց դաշնային հիմնարկների ժամանակավոր (երկու շաբաթով) փակմանը: Դա իր հերթին վնաս հասցրեց երկու կուսակցությունների հեղինակությանը:
Բյուջեի փոխզիջումային տարբերակով ենթադրվում է առաջիկա 10 տարում խորհրդանշական չափով (20 միլիարդ դոլարով) ԱՄՆ-ի 17 տրիլիոն կազմող պարտքի նվազեցում: Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհաստատի այդ օրենքը, որն ավելի վաղ ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից, ինչը մոտ հեռանկարում կկանխի բյուջետային տարաձայնությունները: