Ընդդեմ և հանուն Մաքսայինի

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հետևողականորեն շարունակում է հանրահավաքներ կազմակերպել Ազատության հրապարակում, որոնք ուղղված են Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշման դեմ: Նրա հերթական հանրահավաքը տեղի է ունենալու առաջիկա շաբաթ օրը: Թեև Հայրիկյանը հայտարարում է, որ սոցիոլոգիական հարցումներով Հայաստանի բնակչության 60 տոկոսից ավելին կողմ է Եվրամիության հետ ասոցիացմանը, և միայն 40 տոկոսն է նախապատվությունը տալիս Մաքսային միությանը, սակայն բոլորը տեսնում և արձանագրում են, որ Հայրիկյանի հրավիրած հավաքների մասնակիցների թիվը հազիվ է հասնում 40-ի: Թե որո՞նք են Պարույր Հայրիկյանի կողմից հրավիրվող հանրահավաքների իրական դրդապատճառները, և ի՞նչ է դրանցով ԱԻՄ նախագահը ցանկանում ցույց տալ աշխարհին, դժվար է ասել: Սակայն, եթե Հայրիկյանն առաջնորդվում է ազնվագույն մղումներով ու իսկապես դեմ է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, ապա ավելի լավ է` հրաժարվի դրա դեմ հանրահավաքներ կազմակերպելու գաղափարից: Այլապես նա արդեն շուրջ մեկ ամիս նման խղճուկ հանրահավաքներ կազմակերպելով` աշխարհին ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունը՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացնելիս, առաջնորդվել է հանրային պահանջով, և հակառակը պահանջողների թիվը չի հասնում նույնիսկ հարյուրի:

Միջազգային հանրության համար այդքան էլ կարևոր չէ՝ ո՞վ է Հայրիկյանը, ի՞նչ վարկանիշ ունի հանրության շրջանում: Նրանք ընդամենն արձանագրում են, որ Հայաստանում մոտ մեկ ամիս շարունակ Մաքսային միությանն անդամակցության դեմ հանրահավաքներ են կազմակերպվում, ու դրանց մասնակցում են ընդամենը մի քանի տասնյակ քաղաքացիներ: Այսինքն՝ Հայրիկյանն իր հանրահավաքների շարքով, կամա թե ակամա, լեգիտիմացնում է սեպտեմբերի 3-ի որոշումը՝ այդպիսով մեծագույն ծառայություն մատուցելով իշխանությանը: Դա Հայրիկյանի մոտ այնքան էլ վատ չի ստացվում, եթե հիշենք նաև այս տարվա նախագահական ընտրություններից առաջ տեղի ունեցած մահափորձից հետո նրա ցուցաբերած վարքագիծը:

Տեսանյութեր

Լրահոս