Վարդան Բոստանջյան. Ամենավարկանիշային քաղաքական գործիչները ՀՀ երեք նախագահներն են
ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի համոզմամբ, նրանք, ովքեր պահանջ են դնում քաղաքական դաշտից դուրս մղել Հանրապետության երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, «հավասարակշռությունից դուրս մարդիկ են»:
168.am-ի հետ զրույցում Վարդան Բոստանջյանն ասաց, թե ինքը նման հայտարարությունները որակում է որպես «անկապ»` նշելով. «Նման առաջարկություններին կամ խոսակցություններին ես ուշադրություն չեմ դարձնում, որովհետև նման առաջարկ, նման մտքեր կարող է արտահայտել միայն հավասարակշռությունից դուրս մարդը: Դա անորոշ, անկապ առաջարկություն է: Եթե Հանրապետտության երեք նախագահներին ուզում են օտարել` ո՞ւմն են ուզում հավաքագրել»:
Մեր հարցին, թե համաձայն չե՞ք հնչող տեսակետներին, թե միայն այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքական դաշտը փրկել լճացումից, տեղ տալ նոր քաղաքական գործիչներին, ԲՀԿ ներկայացուցիչն ասաց. «Դե թող փնտրեն-գտնեն էդ մարդկանց՝ հետո նման առաջարկներ անեն: Ոչ թե նախագահներին մեխանիկորեն հեռացնեն դաշտից, հետո նորերին սկսեն փնտրեն»:
Հետաքրքրվեցինք նաև, թե գործող և նախորդ երկու նախագահների ներկայությունը քաղաքական դաշտում ի՞նչ է տալիս: Ի պատասխան Վարդան Բոստանջյանն ասաց. «Ես մի բան գիտեմ` վերջին 20 տարիների քաղաքական զարգացումները կամ քաղաքական պրոցեսները պայմանավորված են եղել երեք անձնավորություններով: Ամենավարկանիշային քաղաքական գործիչները ՀՀ երեք նախագահներն են: Եթե ուրիշը կար, որ նույնքան հնարավորություն, ուժ ուներ, թող մտներ դաշտ, բայց… Ուրիշը կա՞, թաքնվա՞ծ է եղել, մենք չե՞նք տեսել…»:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասել էր, որ ինքը Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի ստեղծած Քաղաքացիական պայմանագրին կսատարի, եթե նրանք ընդունեն մեկ նախապայման՝ ՀՀ երեք նախագահներին պետք է պարտադրել հեռանալ քաղաքականությունից: «Հիմա մենք պետք է նախապայմաններ թելադրենք, և եթե դրանք կընդունեն, եթե նրանց քաղաքական կառույցը ձևավորվեց, մենք կհամագործակցենք, և կարծում եմ խնդիր չի լինի: Երեք նախագահները պետք է քաղաքականությունից դուրս մղվեն՝ սա առաջին նախապայմաններից է»: