Լուկաշենկոն զայրացա՞ծ է Պուտինի վրա
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշախտանքային այցով մեկնել է Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Բելառուսի առաջնորդի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մեկնել է Սոչի, ուր ոչ վաղ անցյալում ժամանել էր նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Լուկաշենկոն Սոչիում նաև զննելու է հաջորդ տարվա օլիմպիական խաղերի հետ կապված ենթակառուցվածքները:
Միևնույն ժամանակ ուկրաինական մի շարք ԶԼՄ-եր (yalta.kiev.ua) հայտնել են, որ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է, որ Բելառուսը դուրս կգա Մաքսային միության կազմից, եթե Մոսկվան 2014 թվականի հունվարի 1-ին չվերացնի նավթամթերքի մաքսատուրքերը: Լուկաշենկոյի խոսքերով՝ իրենք պետք է տեսնեն Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական արդյունքները.
«Մենք միայն Արևմուտք ուղարկված նավթամթերքի համար Ռուսաստանի բյուջեին ենք փոխանցում 4 միլիարդ դոլար: Իսկ եթե դրանք մնային երկրում, ապա ես այստեղ պարզապես կկառուցեի երկրորդ ԱՄԷ»:
Լրատվամիջոցն ընդգծում է, որ Մաքսային միության պատճառով Բելառուսի ու Ղազախստանի բնակչությունը հասել է աղքատության շեմին: Հիմնական ապրանքատեսակների գները հավասարվել են ռուսականին, իսկ աշխատավարձերը մնացել են նույն մակարդակի վրա: Դա հուզումներ է առաջացնում այդ երկրներում և հատկապես Ղազախստանում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է ամեն տիպի քայլեր ձեռնարկել՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Բելառուսական ԶԼՄ-ները հայտնել են, որ այս տարի բելառուսական արտահանման կտրուկ անկման պատճառով երկրիը զրկվել է 10 միլիարդ դոլարից, ինչում իր դերն ունի նաև ռուսական գործոնը: