 
                        «Բերման են ենթարկել Նախախորհրդարանի աջակիցներ Գևորգ Սաֆարյանին և Արմեն Միքայելյանին». Նախախորհրդարան
 
                                    Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Այսօր` դեկտեմբերի 17-ին, ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանությունը Հանրապետության հրապարակից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանի ներկայությամբ տեղի ունեցող` Ամանորին նվիրված միջոցառման ժամանակ ապօրինի կերպով բերման է ենթարկել Նախախորհրդարանի աջակիցներ Գևորգ Սաֆարյանին և Արմեն Միքայելյանին:
Նրանք մի խումբ համախոհների հետ միասին պահանջներ են ներկայացրել Ծածկած շուկայի վնասման հարցում Տարոն Մարգարյանի մեղքի, ինչպես նաև դրա վերականգնման հարցում նրա պարտականությունների վերաբերյալ: Այս պահի դրությամբ նրանք գտնվում են ոստիկանության կենտրոնական բաժնում, որտեղ ոստիկաները որևէ իրավական հիմք չեն ներկայացնում նրանց բերման ենթարկելու պատճառների վերաբերյալ»:
Ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ին ասել են, որ վարչական բերում է իրականացվել Նախախորհրդարանի երկու անդամների նկատմամբ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու պատճառով. «Վարչական իրավախախտման մասին արձանագրություն է կազմվում։ Նրանցից մեկը ներկայացել է, մյուսը՝ ոչ»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        