
Անի Զախարյանը Հովիկ Աբրահամյանի հարցով դիմել է Իշխան Զաքարյանին

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր հանդիպել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:
«Այսօր հանդիպեցի ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ: Հիշեցնեմ, որ երեկ ՀՆՔՄԿ անունից դիմել էի վերահսկիչ պալատ վերջին մեկ տարում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արտասահմանյան այցերի հաշվետվության տրամադրման պահանջով: Մեր հանդիպման ընթացքում Զաքարյանը նշեց, որ առաջիկայում՝ մարտի 31-ին, ՎՊ-ի կողմից ներկայացվելիք հաշվետվության մեջ առկա են լինելու մանրամասն վերլուծություններ պետական պաշտոնյաների պետական այցերի հաշվետվությունների վերաբերյալ: Զրույցի ընթացքում անդրադարձա նաև «Պարտադիր կենսաթոշակային կուտակումների մասին» օրենքին և նշեցի, որ եթե այսօրվա սոցիալ-տնտեսական այսպիսի օրհասական վիճակում այս պաշտոնյաների նմանատիպ շռայլությունները չլինեին, կառավարությունը ոչ միայն չէր իրականացնի այս գործընթացը, այլ նաև հնարավորություն կունենար բավականին բարձրացնել ՀՀ քաղաքացիների աշխատավարձերն ու կենսաթոշակները:
Իշխան Զաքարյանին խնդրեցի հնարավորինս անկախ լինել իր գործելաոճում և մանրակրկիտ վերահսկողության ենթարկել բոլոր ոլորտները: Եթե մենք ունենայինք բարեխիղճ կառավարություն, բոլոր ոլորտների տնտեսումների արդյունքում հնարավորություն կունենայինք արժանապատիվ աշխատավարձեր և կենսաթոշակներ տրամադրել ՀՀ քաղաքացիներին, սակայն բոլորս էլ գիտենք, որ դրա փոխարեն ունենք տարիներ շարունակ համաշխարհային բանկերի վարկային միջոցները մսխած մի իշխանություն, որն այսօր հանդգնում է կուտակային կենսաթոշակների միջոցով հերթական անգամ հարստահարել սեփական ժողովրդին»: