Տարոն Մարգարյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի հետ
Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Իրակլի Շիխիաշվիլիի հրավերով հանդիպել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով Երևանի քաղաքապետին և պատվիրակության անդամներին՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Իրակլի Շիխիաշվիլին, կարևորելով երկու ժողովուրդների բարեկամությունը, նշել է, որ այն իսկապես բարձր մակարդակի վրա է, ինչն իր հերթին արդեն իսկ հրաշալի խթան է երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունը ևս ընդլայնելու և խորացնելու համար. «Հայ ժողովուրդն իսկապես անշահախնդիր բարեկամ է վրաց ժողովրդի համար, և մենք մեր հերթին պետք է անենք հնարավորը երկու քաղաքաների միջև առկա փոխգործակցությունն էլ ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ»,- նշել է Իրակլի Շիխիաշվիլին և վստահեցրել, որ Թբիլիսիի քաղաքային խորհուրդն իր լիազորությունների շրջանակում անպայման կնպաստի դրան:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նշելով, որ Թբիլիսիի քաղաքապետարանի հետ արդեն իսկ ձևավորված են ջերմ և գործնական հարաբերություններ, հույս է հայտնել, որ առաջիկայում այդպիսիք կդառնան նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդի և Երևանի ավագանու հարաբերությունները.
«Օգտվելով առիթից՝ նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն Շիխիաշվիլի, հանդիպման հրավերի և, իհարկե, Թբիլիսիիում Երևանի պուրակ անվանակոչելու Թբիլիսիի քաղաքային խորհրդի որոշման համար: Այսօր երկու մայրաքաղաքներն իսկապես համագործակցության մեծ ներուժ ունեն, ինչն իր հերթին ևս մեկ խթան կարող է հանդիսանալ նաև երկու քաղաքների ավագանիների արդունավետ համագործակցություն ծավալելու հարցում»,- նշել է Տարոն Մարգարյանը: Ի մասնավորի, Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ երկու քաղաքների միջև մշակութային համագործակցության խթանման համար իսկապես լայն դաշտ կա, և առաջարկել է քննարկել արդեն հաջորդ տարի Երևանում Թբիլիսիի օրեր անցկացնելու հնարավորությունը:
Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ նմանատիպ ծրագրեր Երևանն իրականացնում է իր քույր և գործընկեր բազմաթիվ քաղաքների հետ, ինչը հրաշալի հնարավորություն է ընձեռում երկու ժողովուրդների մշակույթները մեկը մյուսին առավել ճանաչելի դարձնելու համար: