
Ուկրաինան Ռուսաստանից խնդրել է 15 միլիարդ դոլարի վարկ. Bloomberg

Bloomberg գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրները, հայտնել է, որ Ուկրաինան Ռուսաստանից խնդրել է 15 միլիարդ դոլարի վարկ: Պաշտոնապես այս տեղեկատվությունը դեռ հաստատված չէ: Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հաստատել է միայն բանակցությունների բուն փաստը, սակայն հրաժարվել է մանրամասներ հաղորդել:
Գործակալության տվյալներով՝ առաջին հինգ միլիարդ դոլարը Կիևին կարող է հատկացվել արդեն այս տարի: Մոսկվան ու Կիևը ներկայումս քննարկում են նաև Ուկրաինային հատկացվող ռուսական գազի գնի զեղչման հարցը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Անդրեյ Բելոուսովն այսօր չի բացառել, որ Կիևին կարող է հատկացվել վարկ՝ այդ երկրի տնտեսության կայունության համար: Ուկրաինայի պետպարտքը ներկայումս կազմում է 68.8 միլիարդ դոլար: