Բաժիններ՝

Նելսոն Մանդելան պատմական նշանավոր ֆիգուրների թվում զբաղեցրել է միայն 365-րդ տեղը

Բրիտանական The Daily Mail թերթի փոխանցմամբ՝ անկասկած է, որ ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելան խոշոր ներդրում է ունեցել հումանիզմի զարգացման և մարդու իրավունքների համար պայքարում: Սակայն նա համաշխարհային պատմության համար իր նշանակությամբ չի ընդգրկվել անգամ համապատասխան վարկանիշային աղյուսակի առաջին հարյուրյակում:

Նման եզրահանգման են եկել «Ո՞վ է ավելի կարևոր» գրքի հեղինակները, որոնք ստեղծել են հատուկ բանաձև, որը հնարավորություն է տվել գնահատել պատմական անձնավորությունների դերը և կազմել համաշխարհային պատմության համար նրանց վարկանիշային աղյուսակը՝ հենվելով համացանցում տեղադրված տվյալների վրա:

Հետազոտության արդյունքներով, Մանդելան պատմական նշանավոր ֆիգուրների թվում զբաղեցրել է միայն 365-րդ տեղը: Առաջին տեղում Հիսուս Քրիստոսն է, ապա գալիս են Նապոլեոնն ու Մուհամմեդ մարգարեն: Չորրորդ տեղում Ուիլյամ Շեքսպիրն է, իսկ հինգերորդ տեղում՝ ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը:

Վեցերորդը նրա գործընկեր Ջորջ Վաշինգտոնն է, առաջին տասնյակում ընդգրկվել է նաև ԱՄՆ մեկ այլ նախկին նախագահ Թոմաս Ջեֆերսոնը: 32-րդ տեղը բաժին է ընկել Ռոնալդ Ռեյգանին: Ջորջ Բուշ-կրտսերը 36-րդն է՝ միևնույն ժամանակ հանդիսանալով առաջատար 100-յակում ընդգրկվածներից միակ ողջ ներկայացուցիչը:

Նշվում է, որ պատմական կարևոր ֆիգուրների թվում ընդգրկվել են բավական քիչ թվով կանայք: Առաջին 100-յակում ընդգրկվել է միայն երեք կին. թագուհի Էլիզաբեթ 1-ինը (13-րդ տեղ), Վիկտորյա թագուհին (16-րդ տեղ) և Ժաննա դ’Արկը (95-րդ տեղ): Երկաթյա լեդի Մարգարետ Թետչերը միայն 271-րդն է: Ուինսթոն Չերչիլը 37-րդն է, Ստալինը՝ 18-րդը, Ռուզվելտը՝ 23-րդը, իսկ Հիտլերը՝ 7-րդը:

Կոմպոզիտորների թվում առաջատարը Մոցարտն է՝ 24-րդ տեղ, ապա գալիս են Բեթհովենը՝ 27-րդ տեղ, և Բախը՝ 48-րդ տեղ: Փոփ աստղերի թվում առաջատարն Էլվիս Փրեսլին է՝ 69-րդ տեղ: 121-րդ տեղում հայտնվել է Մադոննան, 130-րդում՝ Բոբ Դիլանը, իսկ Ջոն Լեննոնը 162-րդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս