Փաստաթուղթն արդեն պատրաստ է. ԱԺ 4 խմբակցությունները վաղը կդիմեն ՍԴ՝ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հարցով

Կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցով Սահմանադրական դատարան դիմելու փաստաթուղթն արդեն պատրաստ է: Վաղը չորս խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», դիմելու են ՍԴ` պահանջելով հունվարի 1-ից գործող համակարգից հանել պարտադիր բաղադրիչը: Պարզվում է, որ ոչ իշխանական չորս ուժերի` Սահմանդրական դատարան դիմելու մտադրության մասին, այսօր արդեն տեղյակ է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Այս պահին խորհրդարանական 4 ոչ իշխանական խմբակցությունները նամակ են տարել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի վերջինս ստորագրի կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց որոշումը: Մեր տեղեկություններով՝ նամակը Հ. Աբրահամյանին են տարել ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Նաիրա Զոհրաբյանը։ 168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտնեց. «Գնում են Հովիկ Աբրահամյանի մոտ, որպեսզի ստորագրեն ու հանձնենք վաղը»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ են շարունակում դիմել ՍԴ, երբ նման փորձերը հաջողությամբ երբեք չեն պսակվել, Զարուհի Փոստանջյանն այսպես պատասխանեց. «Ամեն դեպքում, դա գործիք է, որը պետք է օգտագործել, եթե ունես այդ գործիքն, ուրեմն պետք է օգտագործես»:

Իսկ թե ի՞նչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել խմբակցությունները, եթե ՍԴ-ն չբավարարի իրենց հայցը, Զ. Փոստանջյանն ասաց. «Կորոշենք` հետագայում ինչ քայլեր կարող ենք իրականացնել: Հանրությունը պետք է ինքը թելադրողը լինի այս քայլերում: Եթե դու դիմում ես Ազգային ժողովին, խնդրում ես, որ խնդիրների վերաբերյալ բարձրաձայնի, չի անում, երկրորդը դիմում ես դատարան, քանի որ համակարգը հակասահմանադրական է, եթե չի անում… ինչպես ասում են`  դու չպիտի այնպես անես, որ մարդը դիմի ապստամբության»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս