
Ավստրալիան ավարտել է իր արտասահմանյան ամենատևական ռազմական կամպանիան

The Sydney Morning Herald պարբերականի փոխանցմամբ՝ Ավստրալիան փակել է Աֆղանստանի Ուրուզգան նահանգում իր խոշորագույնյ ռազմաբազան և իր մարտական ստորաբաժանումները դուրս է բերել այդ երկրից: Այս մասին Սիդնեյում հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտը:
Վերջինիս խոսքերով՝ Ավստրալիան ստիպված է եղել բարձր գին վճարել այդ պատերազմում, սակայն զոհերն անտեղի չեն եղել: Էբբոտը, որպես իր խոսքերի ապացույց, հայտարարել է, որ 10 տարվա ընթացքում շատ բան է փոխվել Ուրուզգան նահանգում:
Ներկա դրությամբ Աֆղանստանում շարունակում է մնալ մինչև 400 ավստրալացի զինծառայող, որոնք մարզելու են տեղական զինված ուժերին և խորհրդակցություններ են անցկացնելու նրանց հետ: Բացի այդ, Ավստրալիան 89 միլիոն դոլար է հատկացնելու Աֆղանստանի զինված ուժերի ամրագրմանը:
Ավստրալիան իր զինծառայողներին Աֆղանստան է ուղարկել 2001 թվականին: Ընդհանուր առմամբ, աֆղանական կամպանիային մասնակցել է 25.000 ավստրալացի զինծառայող: Այդ ընթացքում զոհվել է 40 և վիրավորվել է ևս 261 զինծառայող:
Այդ գործողությունը դարձել է Ավստրալիայի պատմության մեջ արտասահմանյան ամենատևական ռազմական կամպանիան: Մյուս երկրների զինված ուժերը պետք է Աֆղանստանը լքեն մինչև 2014 թվականի ավարտը: