Բաժիններ՝

Հարավ-չինական ծովում բախումից հազիվ են փրկվել ամերիկյան ու չինական ռազմանավերը

The Washington Free Beacon-ի փոխանցմամբ՝ Հարավ-չինական ծովում բախումից հազիվ են փրկվել ամերիկյան ու չինական ռազմանավերը: Դրա հետ կապված՝ Վաշինգտոնն իր բողոքն է հայտնել Պեկինին:

Ամերիկացի ծովայիններից մեկի հաղորդմամբ՝ ամերիկյան «Կոուպենս» հրթիռակիր հածանավը և չինական նոր ավիակիր «Լյաոնինը»՝ իր ուղեկցող նավերով, Հարավ-չինական ծովում հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ միմյանց հետ բախումից խուսափելու համար ստիպված են եղել դիմել մանևրների:

Նա հավելել է, որ տվյալ միջադեպն ընդգծում է ծովում պրոֆեսիոնալ բարձր ստանդարտների՝ ներառյալ նաև նավերի միջև հեռավորության պահպանման անհրաժեշտությունը՝ նվազագույնի հասցնելու համար պատահական միջադեպի կամ վթարի հավանականությունը:

Նշվում է, որ ամերիկյան հածանավը բաց ծովում ընթանալիս գտնվել է չինական ավիակրից ոչ հեռու, և այդ ժամանակ ավիակրին ուղեկցող նավախմբի նավերից մեկն ամերիկյան ռազմանավին կանգ առնելու զգուշացում է արել, սակայն ամերիկյան ռազմանավը շարունակել է իր ուղին:

Այդ ժամանակ չինական նավը հայտնվել է նրա ճանապարհին, և ամերիկյան հածանավը նրա հետ չբախվելու համար ստիպված է եղել կանգ առնել և փոխել ուղղությունը: Ամերիկացի ծովայինների գնահատմամբ՝ մանևրը վտանգավոր է եղել:

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ այդ կապակցությամբ դիվանագիտական ու ռազմական բողոք է հայտնել Չինաստանին, ընդ որում՝ թե Վաշինգտոնում, թե՛ Պեկինում:

Վերջին շրջանում սրվել են ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունները՝ կապված վերջինիս կողմից ոչ վաղ անցյալում Արևելա-չինական ծովում ՀՕՊ-ի իր գոտու սահմաններն ընդլայնելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս