«Օրենքով գող» Պեցոյին ձերբակալելու ժամանակ սպանվել է հայազգի Լևան Խալաթյանը (տեսանյութ)
Ռուսական «Պրայմ Քրայմ» լրատվական գործակալության փոխանցմամբ`դեկտեմբերի 12-ին, կեսգիշերին մոտ Մոսկվայի Կոմսոմոլսկայա պողոտայի թիվ 25/1 շենքի մոտակայքում պարեկային ծառայության աշխատողները բնակարանային գողերի միջազգային խումբ են ձերբակալել: Զինված դիմադրություն ցույց տվող գողերի նկատմամբ իրավապահները ստիպված են եղել տաբելային զենք կիրառել: Փոխհրաձգության ընթացքում երկու ոստիկան մարմնական վնասվածքներ են ստացել: Վիրավորվել են նաև 4 գողերից երեքը` ազգությամբ հայ 38-ամյա Լևան Խալաթյանը, 39-ամյա տաջիկ Կամիլ Սաիդովը և Ռուսաստանի Ստուպինյան շրջանի բնակիչ Լեբեդևը: Ըստ հաղորդագրության` Խալաթյանը տեղում մահացել է` իր հանցակից ընկեր Սաիդովի արձակած փամփուշտից:
Բանդայի պարագլուխն, ամենայն հավանականությամբ, եղել է 61-ամյա «օրենքով գող» Ռևազ Բուխնիկաշվիլին, ով քրեական աշխարհում հայտնի է Պեցո մականունով: Նա, որպես հմուտ հանցագործ, ոստիկաններին դիմադրություն չի ցուցաբերել, ինչի արդյունքում էլ` չի տուժել:
Այն բնակարանում, որում գողերը սկսել էին իրենց հանցագործությունը, ոստիկանները գետնին կապկպված վիճակում հայտնաբերել են 89-ամյա տանտիրուհի Ավակովային և տան վարձակալներից մեկին` Սարկիսովային:
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Ռևազ Բուխնիկաշվիլին համարվում է քրեական աշխարհում ամենահարգված «օրենքով գողերից» մեկը: