«Գորիս» ՔԿՀ-ի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները
ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների ու կալանավորված անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Գորիս» ՔԿՀ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք 2013թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, շահադիտական նպատակով, իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու միջոցով, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգը, քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց սահմանված չափաբաժիններով սնունդ, հիգիենիկ և անկողնային պարագաներ չեն տրամադրել, դատապարտյալների և կալանավորված անձանց մոտ հայտնաբերելով բջջային հեռախոսներ, դրսևորելով հովանավորչություն` քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն չեն իրականացրել, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց և այն ի կատար ածելու կարգադրությունն ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում դատապարտյալի պատիժը կրելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը չեն որոշել:
ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները չկատարելու կամ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված և մի շարք այլ դեպքերով ՔԿՀ դատապարտյալների և կալանավորված անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն