Լյուքս Ստեփանյանի մահվան գործով առաջին նիստը՝ դեկտեմբերի 20-ին

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով առաջին դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, դատական նիստը տեղի է ունենալու Իջևանի նստավայրում: Նշենք, որ զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը նախ՝ ուղարկվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն նախագահող դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն ինքնաբացարկ էր հայտնել, որից հետո գործն ուղարկվել էր Բերդ քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը քննելու է դատավոր Զոյա Զաքինյանը:

Ինչպես հայտնի է, քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զինծառայող Դավիթ Խաչատրյանին: Ըստ datalex դատական տեղեկատվական համակարգի՝ Դ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցված հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան՝ ինքնաձիգն ուղղել է տաղավարի ուղղությամբ, որտեղ եղել է նաև Լ. Ստեփանյանը, ապա, Լ. Ստեփանյանի կողմից՝ չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից անմիջապես հետո, դիտավորությամբ նրան կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մեկ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ: Ըստ մեղադրական եզրակացության՝ ստացած հրազենային վնասվածքից Լ. Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք: Մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ և 112-րդ հոդվածի 1-ին մաս):
Ավելի վաղ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Դ. Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը : Նշենք, որ ըստ datalex-ի՝ քրեական գործին, որպես իրեղեն ապացույցներ՝ կցված են պարկուճ, փամփուշտ, գնդակ, գլխարկ, ոսկրի կտոր, ուղեղանման նյութ, ՀՀ ԶՈՒ կայազորային և պահակային ծառայության կանոնագիրք, գլխարկ, հուշատետր, զինվորական հանդերձանք, զինվորական վերնազգեստ:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս