Բարաք Օբամայի ու Ռաուլ Կաստրոյի ձեռքսեղմումը դժգոհությունների տեղիք է տվել ԱՄՆ-ում
Ամերիկյան Los Angeles Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները քննադատել են Բարաք Օբամային՝ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի ձեռքը սեղմելու համար: Դա տեղի է ունեցել ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողության ժամանակ:
Կոնգրեսական Իլեանա Ռոս-Լեհտինեն պետքարտուղար Ջոն Քերիից հարցրել է, թե արդյոք «արյամբ թաթախված» Կաստրոյի ձեռքը Օբամայի կողմից սեղմելը նշանակո՞ւմ է ԱՄՆ արտաքին քաղաքականության մեղմացում: Քերին պատասխանել է, որ ոչ: Սակայն Օբաման քանիցս հայտարարել է, որ պլանավորում է վերանայել Կուբայի նկատմամբ արտաքին քաղաքականության մի շարք ասպեկտներ:
Սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու է անհրաժեշտ սեղմել մի մարդու ձեռք, ով ԱՄՆ-ի քաղաքացիներին պահում է բանտում: Մաքքեյնը Օբամայի ու Կաստրոյի ձեռքսեղմումը համեմատել է 1938 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլենի ու նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ձեռքսեղմանը:
Ֆլորիդան ներկայացնող «Հանրապետական» կոնգրեսական Մարկո Ռուբիոն, ով արմատներով Կուբայից է, հայտարարել է, որ Օբաման կարող էր լավագույնս օգտագործել Կաստրոյի հետ հանդիպումը՝ նրան մատնանշելով Կուբայում ժողովրդավարական ազատությունների բացակայությունը, որոնց համար պայքարել է Նելսոն Մանդելան:
Հիշեցնենք, որ Օբաման քննադատության է արժանացել նաև Մանդելայի հոգեհանգստի արարողության ժամանակ Մեծ Բրիտանիայի ու Դանիայի վարչապետների հետ լուսանկարվելու (զվարճանալու) համար: