
Օբաման ու Քեմերոնը լուսանկարվել են Մանդելայի հոգեհանգստի արարողության ժամանակ

ABC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ Շմիդտը հեռախոսով իրենց լուսանկարել են ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի արարողության ժամանակ:
Նրանցից ձախ նստած է եղել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, ով սակայն չի մասնակցել այդ ամենին: Այդ լուսանկարն ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնվել է Մանդելային հրաժեշտ տալու արարողությունից հետո: Դրանում երևում է, որ Դանիայի վարչապետը փորձում է իր սմարթֆոնով լուսանկարվել Օբամայի ու Քեմերոնի հետ:
Նելսոն Մանդելային հրաժեշտ տալու արարողությունն անցկացվել է երեկ, Յոհաննեսբուրգի մարզադաշտում: Հոգեհանգստի արարողությանը մասնակցելու նպատակով ՀԱՀ են ժամանել ավելի քան 90 համաշխարհային առաջնորդներ, կրոնական կազմակերպությունների ղեկավարներ և մոտ 10 նախկին նախագահներ:
Մանդելան մահացել է դեկտեմբերի 5-ին, Յոհաննեսբուրգի իր տանը՝ 95 տարեկան հասակում: Նշվում է, որ նրա հոգեհանգստի արարողության ժամկետը պատահաբար չի ընտրվել, քանի որ 1996 թվականի դեկտեմբերի 10-ին Մանդելան ստորագրել է հետապարտեիդյան առաջին Սահմանադրությունը, և բացի այդ, դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր: