«Դա ընդամենը ոչ ադեկվատ պահվածք է». Դերենիկ Դումանյանը՝ բժիշկների նկատմամբ բռնության դեպքերի մասին
«Պետք է այդ դեպքերի ականատեսներին հարցնեք, թե ինչո՞ւ են նման կերպ վերաբերվում իրենց առողջությամբ մտահոգ մարդկանց հետ»,-պատասխանելով հարցի, թե ինչո՞վ է պայմանավորված բժիշկների նկատմամբ բռնությունների թվի աճը՝ 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Մեր հարցին, թե որքանո՞վ է նախարարը այդ ամենում տեսնում բժիշկների մեղավորությունը, Դ. Դումանյանը պատասխանեց.
«Ես երբեք չեմ տեսնում բժիշկների մեղավորություն և որևէ մեկի մեղավորություն չեմ տեսնում, որ ինքը ծեծի է ենթարկվում՝ դա լինի բժիշկ, լրագրող, շարքային քաղաքացի կամ առևտրական: Այսինքն՝ ի՞նչ պետք է լինի նրա մեղքը, որ արդարացված լինի նրան ծեծելու երևույթը»:
Մեր դիտարկմանը, որ բռնության դեպքերը կարող են պայմանավորված լինել նաև հիվանդների նկատմամբ բժիշկների ցուցաբերած մոտեցմամբ, Դ. Դումանյանն արձանագրեց. «Հնարավոր չէ: Բժիշկները բոլորի նկատմամբ շատ հոգատար մոտեցում են ցուցաբերում, և դա ընդամենը ոչ ադեկվատ պահվածք է»:
Հիշեցենենք, որ նոյեմբերի 21-ին Երևանում շտապօգնության երկու բժիշկների նկատմամբ բռնության երկու դեպք էր արձանագրվել:
Ըստ Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության տարածած հաղորդագրության՝ Սասունցի Դավիթ նրբանցքի 35ա հասցեից Սրբուհի Տոնիկյանի անվամբ գրանցված կանչի սպասարկման ժամանակ բժիշկը բռնության է ենթարկվել, երբ իջել է շտապօգնության մեքենայից. հիվանդի տղամարդ հարազատներից մեկը, բռնելով բժշկի հագուստից, նրան քարշ է տվել տուն և գցել արդեն մահացած հարազատի վրա:
Մյուս դեպքն, ըստ քաղաքապետարանի Առողջապահության վարչության, տեղի է ունեցել Դավթաշեն 5-րդ փողոցի 25ա հասցեից Վարդան Ծառուկյանի անվամբ գրանցված կանչի ժամանակ:
«Առաջնային բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում, թթվածին տալու ժամանակ, հիվանդը մահացել է: Բժիշկը կատարել է վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումներ, սակայն` ապարդյուն: Երբ այս մասին հայտնել են հիվանդի որդուն, վերջինս հարձակվել է բժշկի վրա ու սկսել հարվածել կրծքավանդակին ու գլխին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքից հետո բժիշկը հոսպիտալացվել էր «Արմենիա» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքում: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ երկու դեպքով էլ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին: