«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը՝ բժիշկներին ծեծի ենթարկելու մասին. Կանչը ձայնագրվել է
Նոյեմբերի 21-ին Երևանում շտապօգնության երկու բժիշկների նկատմամբ բռնության դեպք էր արձանագրվել: Ըստ Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության տարածած հաղորդագրության՝ Սասունցի Դավիթ նրբանցքի 35ա հասցեից Սրբուհի Տոնիկյանի անվամբ գրանցված կանչի սպասարկման ժամանակ բժիշկը բռնության է ենթարկվել այն ժամանակ, երբ իջել է շտապօգնության մեքենայից. հիվանդի տղամարդ հարազատներից մեկը, բռնելով բժշկի հագուստից, նրան քարշ է տվել տուն և գցել արդեն մահացած հարազատի վրա: Մյուս դեպքն, ըստ քաղաքապետարանի Առողջապահության վարչության, տեղի է ունեցել Դավթաշեն 5-րդ փողոցի 25ա հասցեից Վարդան Ծառուկյանի անվամբ գրանցված կանչի ժամանակ:
«Առաջնային բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում, թթվածին տալու ժամանակ, հիվանդը մահացել է: Բժիշկը կատարել է վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումներ, սակայն` ապարդյուն: Երբ այս մասին հայտնել են հիվանդի որդուն, վերջինս հարձակվել է բժշկի վրա ու սկսել հարվածել կրծքավանդակին ու գլխին»,- ասված է հաղորդագրության մեջ: Դեպքից հետո բժիշկը հոսպիտալացվել էր «Արմենիա» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքում: Այս բռնության դեպքերի և դրանց հանգամանքների մասին զրուցեցինք «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ:
– Տիկի՛ն Ստեփանյան, միայն նոյեմբերի 21-ին բռնության երկու դեպք է եղել: Վերջերս կարծես թե շատացել են բժիշկների նկատմամբ կիրառված բռնությունները: Ինչո՞վ եք պայմանավորում այդ հանգամանքը:
– Ինձ մի բան և՛ զայրացնում, և՛ մտածելու տեղիք է տալիս: Ինչո՞ւ է այսօր այդքան չարություն կուտակվել: Այնքան վրդովված եմ, որ չեմ էլ կարողանում ճիշտ բնորոշել նման մարդկանց: Ցավալի է, որ այսօրվա դրությամբ բժշկին նման ձևով արժեզրկում են. բժիշկն` ինքն իրենով, իր մասնագիտությամբ` արդեն արժեք է, և յուրաքանչյուր բժիշկ իսկապես արժանի է և՛ նորմալ վերաբերմունքի, և՛ շնորհակալության:
Մայրական կողմից իմ ընտանիքի անդամները բժիշկներ են: Դեռ փոքրուց ես միշտ նկատել եմ, թե ինչպիսի հարգանքի է բժիշկն արժանացել, ինչքանով էր յուրաքանչյուր մարդ արժևորում բժշկին: Հիմա ինձ համար իսկապես ցավալի է այս ամենը տեսնելը: Նման արարքները մեզ բացարձակապես պատիվ չեն բերում: Շատ հաճախ մենք և՛ թերթերում, և՛ հեռուստատեսությամբ տեսնում ենք, թե որքան են ցածրացնում բժշկի աշխատանքը և անընդհատ հրահրում ողջ համակարգը քարկոծելուն: Այդ բոլոր նյութերը և անպատժելիությունը հանգեցնում են այն ամենին, ինչ մենք հիմա ունենք:
Երբ տեղի ունեցավ Գյումրիի դեպքը, մենք բժիշկներով արձագանքեցինք: Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի մտածում, որ բժիշկն ինքը կարող է ըմբոստանալ և ասել, որ ինքն այսօրվա դրությամբ պաշտպանության կարիք ունի: Մենք հասկանում ենք՝ երդում ենք տվել, շատերն էնտուզիազմով աշխատում են, բայց չէ՞ որ չի կարելի ամբողջ համակարգն ընդհանրացնել: Յուրաքանչյուր տեղում կա և՛ դրականը, և՛ բացասականը: Ես չեմ ուզում ասել, որ ամեն ինչը 100 տոկոսանոց է, բայց բացարձակ անտեսել բժիշկների աշխատանքը, ովքեր այսօրվա դրությամբ ծանր գործ են անում, պարզապես չի կարելի:
Դա ես կարող եմ անբարոյականություն համարել: Եթե բժիշկը ոչ պատշաճ ձևով է կատարում իր աշխատանքը, լուրջ սխալներ է անում, միգուցե կարող ես հասկանալ: Բայց եթե ինքն այդ պահին ճիշտ ձևով կատարում է իր աշխատանքը և դրանից հետո արժանանում է նման վերաբերմունքի, անընդունելի է:
– Երբ բժիշկների նկատմամբ բռնության դեպքեր են լինում, Դուք ուսումնասիրո՞ւմ եք դեպքերը՝ հասկանալու համար՝ ովքեր են կատարվածի մեղավորները:
– Իհարկե, անպայման:
– Այդ դեպքում կներկայացնե՞ք՝ ի՞նչ է տեղի ունեցել նոյեմբերի 21-ին:
– Առաջին դեպքում՝ քաղաքացի Սրբուհի Տոնիկյանի անվամբ գրանցված կանչի ժամանակ, շտապօգնության մեքենան քաղաքացու բնակարան է հասել սահմանված չափորոշիչից երկու րոպե ուշացումով: Ըստ չափորոշիչի՝ շտապօգնությունը պետք է տեղ հասնի 15 րոպեի ընթացքում, այս դեպքում հասել է 17 րոպեում: Առաջին դեպքում ուշացումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ մեր ողջ անձնակազմը զբաղված էր, և մենք ունեինք մեկ ազատ մեքենա Նուբարաշեն հենակետում: Մեքենան հասել է 17 րոպեում, երբ հիվանդն արդեն մահացած էր:
Մահ` մինչև բրիգադի հասնելը, թեկուզ` ոչ ուշացումով, բրիգադի ներկայությամբ կամ հիվանդանոց տեղափոխելու ընթացքում, բնականաբար, լինում է: Նշեմ, որ հիվանդը քրոնիկ հիվանդ է եղել և բազմաթիվ անգամներ դիմել է և՛ ընտանեկան բժշկին, և՛ շտապօգնությանը, այսինքն՝ Սրբուհի Տոնիկյանը բավականին վաղ շրջանից է սիրտ-թոքային անբավարարություն ունեցել: Հիվանդի տղամարդ հարազատներից մեկը հարձակվել է բժշկի վրա:
Բժիշկն էլ կին է եղել, տղամարդ չի եղել, որ կարողանար իրեն պաշտպանել: Փառք Աստծո, վարորդը հասել էր և բժշկին ձեռքերից փրկել: Բնականաբար, բժիշկը հոգեպես ընկել է շատ բարդ վիճակի մեջ, որովհետև առանց այն էլ` ինքը սթրեսային վիճակում գնում է: Հասնելուց հետո տեսնել դանակով մարդու, ով իրեն սպառնում է, էլ ավելի սարսափելի է:
Երկրորդ դեպքում, երբ սպասարկվել է Վարդան Ծառուկյանի անվամբ գրանցված կանչը, շտապօգնության բրիգադը բնակարան է հասել 6 րոպեի ընթացքում: Այս դեպքում բացարձակապես ուշացում չի եղել, մեքենան անմիջապես հասել է, և հիվանդը ողջ է եղել: Բայց այնպես է ստացվել, որ նրա մոտ այն վիճակն է ստեղծված եղել, որ ունեցել է կլինիկական մահ, և մեր ռեանիմատոլոգը սկսել է վերակենդանացման գործողությունները: Չգիտեմ՝ ինչի՞ց է զայրացած եղել, և նրա տղան սկսել է բժշկին ծեծել: Դրանից հետո նա ստացավ գլխուղեղի ցնցում, կարեր դրվեցին, նա հոսպիտալացվեց «Արմենիա» բուժկենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքում:
– Իսկ այժմ ինչպե՞ս է նրա առողջական վիճակը:
– Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Տանն է պառկած այժմ:
– Տիկի՛ն Ստեփանյան, ասացիք, որ Սրբուհի Տոնիկյանի անվամբ գրանցված կանչը տեղ է հասել 17 րոպե անց: Սրբուհի Տոնիկյանի դուստրը, սակայն, News.am-ին պատմել է, որ շտապօգնության մեքենան տեղ է հասել միայն 45-50 րոպե անցգ
– 00:52-ին կանչը ստանալուց գնալը և ենթակայան վերադառնալը տևել է 25 րոպե: Ծեծով, ջարդով այդ ամենը տևել է 25 րոպե: 01:17-ին մեքենան արդեն եղել է ենթակայանում:
– Երկու դեպքով էլ հաղորդում ներկայացրե՞լ եք Ոստիկանությանը:
– Անպայման: Հենց առաջին վայրկյանից, և Սասունցի Դավթի դեպքի ժամանակ, և երկրորդ դեպքի ժամանակ հայտնել ենք Ոստիկանությանը: Կարծում եմ, որ այդ գործողությունները պետք է օբյեկտիվ քննվի, որոշում կայացվի, դատապարտվի, որովհետև արդեն հասել ենք մի կետի, որից հետո չպիտի այդ կերպ շարունակվի: Ընդհանրապես անպատժելիությունը լավ բան չէ:
– Տիկի՛ն Ստեփանյան, փաստորեն բացառո՞ւմ եք սխալը բժիշկների կողմից` թե՛ մասնագիտական, թե՛ վերաբերմունքի առումով:
– Այո՛, կոնկրետ բժշկի կողմից բացառվում է: Կոնկրետ բժշկի մեղավորություն գոյություն չունի:
– Նոյեմբերի 21-ի դեպքերից հետո տարբեր քննարկումների ընթացքում հնչեցին նաև մեղադրանքներ բժիշկների հասցեին: Եթե նշում եք, որ բժիշկները տեղի ունեցած դեպքերում մեղավոր չեն եղել, ինչո՞վ եք բացատրում այդ հանգամանքը:
– Որովհետև իրենց բոլոր խնդիրները իրենք փորձում են գցել բժիշկների վրա: Ես էլ եմ շատ նյութեր, մեկնաբանություններ կարդացել: Շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր պաշտպանում են բժիշկներին: Իսկապես տարբեր կարծիքներ են եղել, բժիշկներին շատ պաշտպանողներ էլ են եղել: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ այդքան չարացած են բժիշկների նկատմամբ, ես դա չեմ կարողանում ոչ մի կերպ մեկնաբանել:
Այսինքն՝ բոլոր բժիշկները, ողջ համակարգն այդքան վա՞տն են: Ես կարող եմ ներկայացնել շնորհակալությունների բազմաթիվ ցանկ. մարդիկ նշում են, որ շատ գոհ են և շնորհակալ: Այսինքն՝ ինչքան որ դժգոհներն են, այդքան էլ մարդիկ կան, ովքեր գոհ են ոչ միայն մեր ծառայությունից, այլև բոլոր բժիշկների աշխատանքից: Չգիտեմ՝ ինչով բացատրել:
– Գուցե բժիշկներն իրենց մոտեցումը, վերաբերմունքը փոխելու կարիք ունեն:
– Բայց այս դեպքում իրենք չեն էլ հասցրել վերաբերմունք ցույց տալ: Եթե վերցնենք նոյեմբերի 21-ին տեղի ունեցած դեպքերը, ի սկզբանե յուրաքանչյուրն իր աշխատանքն է կատարել: Բողոքների դեպքում մենք փաստերը ներկայացնում ենք: Թերի դեպքերում մենք պետք է միասին աշխատենք: Բնականաբար, խախտումների դեպքում կտրվի համապատասխան գնահատական, բնականաբար, այդ ժամանակ մենք չենք նստելու, դրոշակները վերցնենք, ասենք, որ մենք ճիշտ ենք: Բայց բռնություն չպետք է լինի: Ոչ մեկին դա թույլ չի տրվել:
Այսօրվա դրությամբ մեր երկրում գոյություն ունեն իրավապահ մարմիններ: Եթե անհրաժեշտ է, դիմե՛ք, թող իրենք իրենց որոշումը կայացնեն: Չի կարելի այսպիսի պահվածք դրսևորել:
– Իսկ այս տարվա ընթացքում, բացի նոյեմբերի 21-ին տեղի ունեցածից, բժիշկների նկատմամբ բռնության այլ դեպքեր եղե՞լ են:
– Այս դեպքերն են սուր: Եղել են տարբեր դեպքեր, երբ տան շները հարձակվել են մեր բժիշկների վրա, և նրանք շատ լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել, բավական երկար չեն կարողացել աշխատել: Եղել է դեպք, երբ շտապօգնության մեքենան անանցանելի վայրում կանգնել է, բժիշկը ոտքով գնալու երկար ճանապարհ է ունեցել, և նրան դիմավորել է հարբած մի մարդ: Կին բժիշկն ինչպե՞ս գնա, նորից վտանգավոր է:
Ընդհանրապես շտապօգնության բժշկի աշխատանքը բավական դժվար է և վտանգավոր: Նախօրեին, օրինակ, մեր ֆելդշերական բրիգադից ֆելդշեր-սանիտարը, ով երբևիցե հիվանդ չի տեղափոխում, լրիվ ուրիշ թեքում ունի, վերակենդանացնում է ավտոմեքենայի մեջ գտնվող, կլինիկական մահ տանող հիվանդին և շտապօգնության մեքենայով տեղափոխում հիվանդանոց:
Այսինքն՝ կան դեպքեր, երբ հիվանդին այն աշխարհից վայրկենական հետ ենք բերում, և դրա մասին ոչինչ չենք խոսում: Թերթերից մեկը մի քանի օր առաջ առանց ամոթի գրել էր, որ շտապօգնությունում ոչինչ չի փոխվել, մի բան էլ վատացել է: Ինչպե՞ս կարելի է այդքան ոչ օբյեկտիվ լինել: Դա պիտի լինի կամ չուզողություն, կամ ոչ օբյեկտիվ լուսաբանում, կամ ուղղակի չարություն: Յուրաքանչյուր լավը ցանկանում են ներկայացնել` որպես վատ: Չի կարելի անընդհատ այդքան վատն ասել: Մի քիչ էլ լավատես պետք է լինենք: Այժմ շտապօգնությունն ունի մեքենաներ, որոնք ձմռանը տաքացվում են, ամռանը՝ հովացվում, կան բոլոր պարագաները, եթե նախկինում միայն ռեանիմացիաներում էին էլեկտրասրտագրիչները, հիմա բոլոր մեքենաներում կան, ունենք լավ մասնագետներ, աշխատում ենք որքան հնարավոր է` շուտ հասնել:
Մարդիկ էլ պետք է հասկանան, որ շտապօգնությունը նրա համար չէ, որ զանգի, չասի՝ ինչի համար է շտապօգնություն կանչում, մենք գնանք, հասնենք, ինքը թերթիկը ցույց տա, ասի, որ իր ընտանեկան բժիշկն իրեն սրսկում է նշանակել, և ասի, որ իր բժշկի նշանակումն անի: Վերջապես մեր բոլոր կանչերն էլ պետք է լինեն այն կանչերը, որոնք մենք պետք է սպասարկենք:
Մենք չենք հրաժարվում այդ կանչերից: Բայց մարդը, որ շտապօգնություն է կանչում գլխացավի, ատամի ցավի կամ դեղորայք ներարկելու համար, պիտի մտածի, որ սրտի կանգով, ուշաթափված լուրջ հիվանդներ կան, ովքեր դրա կարիքն էլ ավելի ունեն: Եթե մենք խոսում ենք բժշկի վարքագծի, մեր ուշանալու, վատ աշխատելու մասին, եկեք խոսենք նրա մասին, որ վարորդները մեզ քաղաքում ընդհանրապես տեղ չեն տալիս: Լինում է, որ խցանումների ժամանակ շտապօգնության մեքենան մյուս մեքենաների նման կանգնում է, և դա բոլորովին ոչ մեկին չի հուզում:
Հ.Գ. Հանդիպման ընթացքում Թագուհի Ստեփանյանը միացրեց Սասունցի Դավիթ նրբանցքի 35ա հասցեից Սրբուհի Տոնիկյանի անվամբ գրանցված կանչի ձայնագրությունը. 1-03-ին կատարվող բոլոր զանգերը ձայնագրվում են: Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ 00:48-ին զանգ է կատարվել 1-03: Ձայնագրությունից լսվում է, որ մի տղամարդ Սասունցի Դավթի նրբանցքից կանչ է գրանցում, հեռախոսավարուհին փորձում է ճշտել բնակարանը, սակայն տղամարդը խնդրում է արագացնել և հայհոյում է: Այս կանչը, Թագուհի Ստեփանյանի խոսքով, չի գրանցվում, քանի որ չի պարզվում զանգահարողի ինքնությունը: Երկրորդ զանգը ստացվում է 00:52-ին:
Մի կին հարցնում է, թե ի՞նչ եղավ Սասունցի Դավթի նրբանցք հասցեով գրանցված կանչը, ապա հեռախոսավարուհու հարցին պատասխանելով՝ ասում է նաև բնակարանի համարը, նշում, որ ինքը հարևանն է, թողնում է հեռախոսահամար: Այդ ժամանակ արդեն կանչն ընդունվում է: