Ուրուգվայը դարձել է մարիխուանայի արատադրությունն ու վաճառքն օրինականացրած աշխարհի առաջին երկիրը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուրուգվայը դարձել է աշխարհի առաջին երկիրը, ով օրինականացրել է մարիխուանայի արատադրությունն ու վաճառքը: Համապատասխան օրինագիծն ընդունել է Սենատը, խորհրդարանի ստորին պալատն այն հավանության էր արժանացրել դեռևս այս տարվա օգոստոսի 1-ին:
Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է 16 սենատոր, իսկ դեմ՝ 13-ը: Նշվում է, որ օրինագծի քննարկումները մեկնարկել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 10.30-ին, իսկ օրինագիծն ընդունվել է միայն ուշ երեկոյան: Այդ ընթացքում պատգամավորները շարունակ վիճել են միմյանց հետ՝ կապված օրինագծի ընդունման դեպքում մարիխունայի օգտագործման ծավալի շուրջ:
Այժմ ուրուգվայցիներին թույլատրվել է մեկ մարդուն աճեցնել կանեփի մինչև վեց թուփ: Այդ նորման խախտողները կպատժվեն 20 ամսից մինչև 10 տարի ազատազրկման: Բացի այդ, 18 տարին բոլորած բոլոր անձինք հատուկ գրանցամատյանում գրանցվելուց հետո կարող են դեղատանն օրինական ձևով գնել ամսական մինչև 40 գրամ մարիխուանա: Դրա վաճառքը կմեկնարկի ապրիլին:
Ուրուգվայում անցկացրած հարցումները վկայել են, որ Ուրուգվայի քաղաքացիների 64 տոկոսը դեմ է մարիխուանայի օրինակացմանը: