![](/banners/BeFunky-design.jpg)
Արա Սահակյանը հանդիպել է Ժոմարտ Տոկաևի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/Ara-Sahakyan-Hayk-Babukhanyan-e1345456122736.jpg)
Դեկտեմբերի 6-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը հանդիպում է ունեցել ՂՀ Խորհրդարանի Սենատի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Սենատի խոսնակը ողջունել է Հայաստանի դեսպանին՝ իր դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ նրան արդյունավետ աշխատանք մաղթեց:
Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի զարգացումը՝ արձանագրելով նաեւ հայ եւ ղազախստանցի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը միջազգային, մասնավորապես՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովների ձեւաչափերում: ՀՀ դեսպանն ընդգծել է երկու երկրների ղեկավարության ցանկությունը՝ երկկողմ համագործակցության օրակարգը հագեցնելու եւ իրավապայմանագրային լայն հիմքեր ձեւավորելու ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին: Կ-Ժ.Տոկաեւը դրական է գնահատել ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը՝ խոստանալով Ղազախստանի օրենսդիր մարմնի աջակցությունն անդամակցման համար հարկավոր ընթացակարգերն ավարտելու գործում: