«Աշխարհում չկա որևէ բանակցություն, որի մանրամասները քննարկվեն հասարակության բոլոր խավերի հետ». Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Բնապահպանության նախարարություն: Հանրապետության Նախագահը նախարարության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Մինչ այդ, ինչպես պետական կառավարման այլ մարմիններ վերջին շրջանում կատարած իր այցերի ժամանակ, Նախագահն անմիջականորեն շփվել է նախարարության աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով, գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքներով և այդ ստորաբաժանումների առաջիկա ծրագրերով:

Նախարարության խորհրդակցությունների դահլիճում՝ իրենց համակարգման ոլորտում գտնվող ուղղություններով իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և հետագա ծրագրերի մասին Նախագահին զեկուցել են Բնապահպանության նախարարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և կենսառեսուրսների կառավարման գործակալության պետը:

Նախարար Արամ Հարությունյանը, մասնավորապես, ներկայացրել է 2010-2013թթ. Բնապահպանության նախարարության գործունեության հիմնական արդյունքները՝ առանձնացնելով շրջակա միջավայրի վրա վնաuակար ներգործությունների կանխարգելման, բնական ռեuուրuների ողջամիտ oգտագործման, դրանց վերականգնման, բնապահպանական վերահuկողության, պետական փորձաքննության և թույլտվությունների տրամադրման գործառույթների իրականացման ընթացքի ուղղությամբ աշխատանքներն ու բնապահպանության ոլորտի մի շարք մարտահրավերներ, այդ թվում` ստորերկրյա ջրային ռեսուրսներն օգտագործող ենթաճյուղերի արագ զարգացման արդյունքում ջրային ռեսուրսների գերշահագործումը: Նախարարը զեկուցել է նաև ս.թ. սեպտեմբերին Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ անցկացված խորհրդակցության ժամանակ՝ Արարատի և Արմավիրի մարզերի ապօրինի շահագործվող խորքային հորերի լուծարման ուղղությամբ տրված հանձնարարականի կատարման ընթացքի մասին: Իրավիճակին ծանոթանալուց հետո, Սերժ Սարգսյանը հանձնարարել է հատուկ հսկողության տակ առնել հանձնարարականների կատարման ընթացքը և ամենամսյա պարբերականությամբ զեկուցել իրավիճակը:

Նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրել է ՀՀ բնապահպանության ոլորտի զարգացման հեռանկարները կանաչ տնտեսության անցման տեսանկյունից՝ հարցը դիտարկելով 2010թ. ընդունված Բնապահպանության ազգային անվտանգության ռազմավարության շրջանակներում իրականացվող միջոցառումների և նախատեսվող գործընթացների համատեքստում:

Նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է հասարակայնության և ԶԼՄ-ների հետ նախարարության համագործակցությունն ու այդ շրջանակներում իրականացված աշխատանքները՝ համապատասխան վիճակագրությամբ: Նա զեկուցել է ոլորտում գործունեություն ծավալած բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների ընթացքը, նախարարության հեղինակած օրինագծերի շուրջ կազմակերպված հասարակական լսումների և բնապահպանական փորձաքննության հանձնված նախագծերի վերաբերյալ անցկացված հանրային քննարկումների մասին՝ ներկայացնելով նաև էկոկրթության ոլորտի օրենսդրական հիմքերի և ինստիտուցիոնալ կառուցվածքի բարելավման ուղղությամբ նախարարության իրականացրած միջոցառումները:

Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը ներկայացրել է ՀՀ հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության և գործողությունների 2014-2020թթ. ծրագիրը, որով նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների էկոլոգիական սահմանների ընդլայնում, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կարգավորում, այս ուղղությամբ միջազգային փորձի կիրառում և այլ երկրների հետ համագործակցության սերտացում:

Աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը ներկայացրել է նախարարության կառուցվածքը, աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող և նախատեսված ծրագրերը:

Զեկույցները լսելուց հետո, Նախագահը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին և պատրաստակամություն հայտնել պատասխանել խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն նախարարության գործունեության շրջանակներին: Բնապահպանության նախարարության աշխատակիցները Հանրապետության Նախագահից հետաքրքրվել են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը հաջորդած զարգացումներով, ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքներով, օրերս ավարտված՝ Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաքի շնորհիվ նախատեսվող դեպի Արցախ նոր ճանապարհի կառուցման հեռանկարով, ինչպես նաև սոցիալական հարցերով:

Պատասխանելով Մաքսային միության և հայ-ռուսական հարաբերությունների խոստումնալից հեռանկարի վերաբերյալ հարցին՝ Նախագահն ընդգծել է, որ կիսում է հարցադրումն անողի լավատեսությունը: «Ե՛վ հայ-ռուսական հարաբերություններում, և՛ Մաքսային միության հետ կապված՝ ես տեսնում եմ դրական տեղաշարժեր,տեսնում եմ լավ հնարավորությունների առկայություն: Իհարկե, Մաքսային միության մասով դեռևս կխոսեմ և հանգամանորեն կանդրադառնամ ապագայում, որովհետև մինչ բանակցությունների ավարտը ես նպատակահարմար չեմ համարում բոլոր առավելությունների և հնարավորությունների մասին խոսել: Կավարտենք բանակցությունները՝ այդ ժամանակ, իրոք, շատ մանրամասն կխոսենք ընձեռնված հնարավորությունների մասին: Ակնհայտ է, որ իմ այս խոսքերը մեր հասարակության տարբեր շերտեր կարող են տարբեր կերպ մեկնաբանել և նորից ասել՝ գաղտնի բանակցություններ են վարում: Այնուհետև գալու են ասեն՝ այդ դեպքում մեր կարծիքը ի՞նչ նշանակություն ունի և այլն: Մի անգամ էլ պետք է ասեմ, որ աշխարհում չկա որևէ բանակցություն, որի մանրամասները քննարկվեն հասարակության բոլոր խավերի հետ:

Կոնկրետ պարագաներում, մեր բանակցությունների արդյունքները մենք ներկայացնելու ենք Ազգային ժողով, և այդ պայմանագրերը պետք է վավերացվեն կամ հաստատվեն խորհրդարանի կողմից: Եվ փառք Աստծո, այսօրվա մեր Ազգային ժողովը շատ լավ ներկայացնում է մեր հասարակության և նրա տարբեր հատվածների շահերը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության Նախագահի այցին, ապա, իմ կարծիքով, այդ այցը հաստատեց մեր ռազմավարական հարաբերությունների բնույթը: Ունենք պայմանագրեր, որոնք ստորագրվեցին և որոնք դարձան հանրության լայն շրջանակների սեփականությունը: Մենք դրա մասին ենք խոսում: Այցը, ձեռքբերված պայմանավորվածությունները, իրոք, շատ մեծ հնարավորություններ են ստեղծում. հնարավորություններ տնտեսության ոլորտում և շատ ավելի սերտ համագործակցության հնարավորություններ անվտանգության ոլորտում: Տնտեսության մեջ, կարծում եմ, էներգետիկայի ոլորտը, արդյունաբերության, ավելի որոշակի՝ ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության և այլն, պայմանավորվածությունները շատ-շատ են, և հնարավորությունները մեծանում են: Գյուղատնտեսության ոլորտում ևս շատ մեծ հնարավորություններ են բացվում: Միայն 2013 թվականին մենք ՌԴ արտահանումն ավելացրել ենք 25 տոկոսով՝ մեկ քառորդով: Դա շատ մեծ թիվ է: Բայց մեկ բան հստակ պետք է հասկանանք, որ ռուսները չեն գալու մեր փոխարեն աշխատեն: Այդ հնարավորությունները մենք պետք է կարողանանք իրականություն դարձնել, մենք պետք է կարողանանք ավելի կազմակերպված աշխատել, կարողանանք արդյունքներ ստանալ: Եթե մենք չկարողացանք՝ մեզ կարող են օգնել, կարող են օժանդակել, բայց որևէ մեկը մեր փոխարեն չի աշխատելու: Սա պետք է հստակ գիտակցենք»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության ավարտին անդրադառնալով Բնապահպանության նախարարության գործունեությանն ու բնապահպանական խնդիրներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն նշել է, որ այդ խնդիրները բնականորեն բոլորի՝ իշխանությունների և հասարակության ուշադրության կենտրոնում են: Նախագահի խոսքով, ակնհայտ է, որ դրանց թիվ մեկ պատասխանատուն Բնապահպանության նախարարությունն է, ոլորտի փորձագետները, մասնագետները: Սերժ Սարգսյանի համոզմամբ, եթե բնապահպանական խնդիրների նկատմամբ բոլորի կողմից ուշադիր և հոգատար վերաբերմունք չլինի, ապա բնության անխնա և ոչ բանական օգտագործումը կարող է բերել աղետալի հետևանքների: Ըստ Նախագահի, միանգամայն հասկանալի է մարդկանց ցանկությունը՝ հետաքրքրվել այդ խնդիրներով և բարձրաձայնել իրենց կարծիքն ու ներկայացնել լուծման ուղիների իրենց առաջարկները, որպեսզի նման հետևանքներ չլինեն, որպեսզի բնականոն զարգացումն ապահովվի: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բնապահպանության նախարարության գերակա խնդիրն է, որպեսզի գործառույթների, այդ թվում նաև՝ պարտականությունների շրջանակներում, կարողանա կարճ ժամկետում կանոնակարգել բոլոր խնդիրները բնապահպանական ոլորտում: Խոսելով ապօրինի շահագործվող խորքային հորերի և ոլորտի այլ խնդիրների մասին՝ Նախագահը շեշտել է, որ դրանցով հետաքրքրվող մարդկանց՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձայնը պետք է լսելի լինի, և դա նախարարության պարտականությունների շրջանակում է. «Ես շատ նորմալ եմ վերաբերում այդ շարժումներին: Ընդհանրապես համարում եմ, որ մեր երկրի զարգացումն առանց քաղաքացիական հասարակության կայացման, ուղղակի անհնար է: Եվ այստեղ որևէ սահմանափակումներ մտցնելը կարճատեսություն է: Մենք գնալով ավելի բաց հասարակություն ենք դառնալու և գնալով ոչ միայն բնապահպանների, այլև տարբեր կազմակերպությունների ձայնը շատ ավելի լսելի է լինելու: Ուղղակի ես կոչ եմ անում մեր նախարարության աշխատակիցներին և այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի զերծ մնան ցուցադրական միջոցառումներից, շոուներից և եթե նրանք բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ են՝ իրենց հիմնական նպատակը լինի օգուտ բերելը բնապահպանական խնդիրներին, այլ ոչ թե մեր պետության համար նոր խնդիրներ ստեղծելը»:

Խորհրդակցության ավարտին Նախագահը հաջողություններ է մաղթել նախարարության աշխատակիցներին և կարևորել քննարկված բոլոր խնդիրների լուծման համար հստակ ժամկետների սահմանումը: Նման մոտեցումը Նախագահը կարևորել է նաև այլ ոլորտների պարագայում:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի մի շարք աշխատակիցներ այսօր արժանացել են խրախուսանքի. բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական հետազոտությունների և մոնիթորինգի բաժնի պետ Հովիկ Աղինյանը, «Զիկատար» բնապահպանական կենտ¬րոն» ՊՈԱԿ-ի «Զիկատար» պետական արգելավայրի պետ Անդրանիկ Ղուլիջանյանը, աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Գրիշա Մուրադյանը և աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Ջուլիետա Ստեփանյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Տեսանյութեր

Լրահոս