
Ճապոնիան չեղյալ է հայտարարում սպառազինության արտահանման վրա դրած արգելքը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը պլանավորել է մոտ ապագայում սկսել զենքի արտահանում: Այս մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Ճապոնիայում սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների արտահանման ամբողջական արգելքը գործում է 1967 թվականից:
Դրանք արգելվել են արտահանել աշխարհի ցանկացած երկիր՝ բացառությամբ ԱՄՆ-ի: Նախորդ տարի Տոկիոն որոշել է մեղմացնել բեռնարգելքը: Նախաձեռնությունը պատկանում է Ճապոնիայի կառավարությանը: Այժմ օրինագիծը դիտարկելու է իշխող դաշինքը:
Եթե փաստաթուղթը հավանության արժանանա, ապա զենքի արտադրման ու մատակարարման ոլորտում ազգային քաղաքականությունը կենթարկի արմատական փոփոխություններին: Օրինագծի տեքստի համաձայն, մատակարարումները կարող են իրականացվել միայն եթե ներկրող երկիրը կարող է ամբողջովին երաշխավորել Ճապոնիայի անվտանգությունը:
Ենթադրվում է, որ զենքի արտահանմանն առնչվող բոլոր հարցերի համար պատասխանատվություն պետք է կրի ոչ վաղ անցյալում երկրում ստեղծված Ազգային անվտանգության խորհուրդը: