Նախարարին կից կոլեգիայի նիստ են անցկացրել

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ներկայացվեց  «ՀՀ կառավարության  2006թ. հուլիսի 13-ի N  1003-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի նպատակը համայնքային ծառայության ոլորտում կոնկրետ ծառայողական քննություն նշանակելու կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմումը մերժելու ժամկետների հստակեցումն է: Մասնավորապես` հստակ նկարագրվում են համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու համար ներկայացված թերի փաստաթղթերը համալրելու, ինչպես նաեւ ծառայողական քննություն նշանակելու կամ դրա անցկացումը մերժելու ընթացակարգերը` ըստ կոնկրետ ժամկետների:

Փաստաթուղթը մշակվել է պետական կառավարման համակարգի բարեփոխումների աշխատանքային խմբի փորձագետների եւ Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի համայնքային ծառայության հարցերի վարչության կողմից: Այն արդեն ներկայացվել է  շահագրգիռ մարմինների քննարկմանը:

Կոլեգիայի նիստում ներկայացվեցին նաեւ հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 11 ամիսների կատարողականի ցուցանիշները: Ընթացիկ տարվա  դեկտեմբերի 1-ի դրությամբ  ՀՀ  համայնքների  բյուջեների փաստացի մուտքերը  նախատեսված 91 մլրդ 155,9 մլն դրամի դիմաց կազմել են 89 մլրդ 958,4 մլն դրամ (կատարողականը` 98,7%): 2012թ. 11 ամսվա համեմատությամբ ընդամենը եկամուտների  ցուցանիշն աճել է 21,7 %-ով  կամ 16 մլրդ  դրամով:

Համայնքների սեփական եկամուտները`5 հարկատեսակների գծով (գույքահարկ, հողի հարկ, տեղական տուրքեր, պետական տուրքեր, գույքի վարձակալությունից եկամուտներ) նախատեսված 20,8 մլրդ  դրամի դիմաց կազմել են 20,2 մլրդ  դրամ (կատարողականը` 97,2%): 2012թ. միեւնույն ժամանակահատվածի համեմատությամբ այս ցուցանիշն աճել է  12,8 %-ով կամ 2,3 մլրդ  դրամով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 91 %-ով, գույքահարկինը` 100,3 %-ով:Գույքի վարձակալությունից եկամուտների կատարողականը կազմել է  90,6 %:

Փոխվարչապետը ՏԿ նախարարի առաջին տեղեկալ Վաչե Տերտերյանին եւ նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանին հանձնարարեց  ուսումնասիրել բյուջետավարման գործընթացներն այն մարզերում, որտեղ  հավաքագրման առումով համեմատաբար ցածր ցուցանիշներ են արձանագրվել: Նա նաեւ հանձնարարեց  ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից  2014թ. բյուջեների կազմման գործընթացները` ընդգծելով իրատեսական բյուջեների ձեւավորման կարեւորությունը:

Կոլեգիայի նիստի օրակարգային մյուս հարցը վերաբերում էր  դեկտեմբերի 2-ին եւ 3-ին Գյումրիում ու Երեւանում տեղի ունեցած հայ-ռուսական  միջտարածաշրջանային երրորդ  համաժողովին, որն այս տարի անցկացվում էր «Հայաստան: Ռուսաստան: Մաքսային միություն» խորագրով: Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել ՌԴ շուրջ  երկու տասնյակ տարածաշրջանների պատվիրակություններ, որոնցից յոթը`  նահանգապետների գլխավորությամբ: Պատվիրակություններն այցի ընթացքում   հանդիպումներ են ունեցել ՀՀ մարզերում, հայաստանցի գործընկերների հետ քննարկել  համագործակցության զարգացման հեռանկարները:  Համաժողովի շրջանակում կազմակերպվել են  Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի տարածաշրջանների ներուժը ներկայացնող ցուցահանդես, ինչպես նաեւ թեմատիկ կլոր սեղաններ, որոնք վերաբերել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության բոլոր ուղղություններին: Դեկտեմբերի 1-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում  տեղի է ունեցել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը:

Անդրադառնալով  արդեն երրորդ տարին անցկացվող  միջտարածաշրջանային համաժողովների հետագա ձեւաչափին` փոխվարչապետն արդյունավետ համարեց  դրանք կազմակերպել  տնտեսական համաժողովների ձեւաչափով, որոնք կունենան նաեւ միջտարածաշրջանային համագործակցության բաղադրիչ: Տարածքային կառավարման  նախարարությունն առաջիկայում կմշակի համապատասխան առաջարկություններ եւ կներկայացնի կառավարությանը:

Ներկայացված հարցերը կոլեգիան ընդունեց ի գիտություն:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս