Բաժիններ՝

Ուկրաինական ընդդիմությունը պահանջում է խորհրդարանական ու նախագահական վաղաժամ ընտրություններ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ընդդիմությունը որևէ բանակցություններ չի վարի, քանի դեռ հրաժարական չեն տվել և կալանքի տակ չեն վերցվել խաղաղ ցուցարարներին ծեծելու մեղավորները և քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր ձերբակալվածները:

Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենիյ Յացենյուկը: Նա ընդգծել է, որ ներկայիս քաղաքական ճգնաժամը չի հանդիսանում խորհրդարանական. «Սա համաուկրաինական քաղաքական ու տնտեսական ճգնաժամ է, դրա համար էլ անհնար է այն լուծել խորհրդարանական մեթոդներով: Այստեղ չէ, որ որոշումներ են ընդունվում»:

Յացենյուկը հիշեցրել է, որ խորհրդարանում արդեն իսկ փորձել են լուծել Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակման հարցը և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հարցը: Նա ընդգծել է, որ Ռեգիոնների կուսակցությունից ոչ ոք ոչինչ չի լուծի Ուկրաինայի Գերագույն ռադայի պատերում, իսկ իրենք էլ որևէ բանակցություն չեն վարի խմբակցությունների ղեկավարների մակարդակով, քանի որ Ռեգիոնների կուսակցությունում չկան որոշում ընդունող մարդիկ:

Յացենյուկը նաև ընդգծել է, որ իրենց առանցքային պահանջների թվում շարունակում են մնալ խորհրդարանական ու նախագահական  վաղաժամ ընտրությունների անցկացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս