Արտահերթ բյուջետային նստաշրջան՝ դեկտեմբերի 10-ին
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային Ժողովի նախագահին 2013թ. դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում առաջարկվել է ընդգրկել 2014թ. պետբյուջեի քննարկման շարունակությունը, «Պետական կենսաթոշակների մասին», «Զբաղվածության մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության մշակած «ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակը և ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագիծը:
ՀՀ պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինները, անկախ հանձնաժողովների ղեկավարները պետք է քննության առնեն նշված փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում մինչև 2013թ. դեկտեմբերի 13-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն հիմնավորված առաջարկություններ առաջարկված ցուցանիշները լրամշակելու վերաբերյալ, ինչպես նաև 2014թ. պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների անվանացանկերը:
ՀՀ կառավարությունը հաստատել է էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների կատարման կարգը, որի համաձայն ՀՀ www.armeps.am կայքի միջոցով իրականացվող էլեկտրոնային գնումների համակարգի բարեփոխման շրջանակում նախատեսվում է 2014թ. հունվարի 1-ից ՀՀ հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման մարմինների և պետության հիմնարկների կողմից բաց ընթացակարգով և շրջանակային համաձայնագրերի միջոցով գնումն իրականացնել էլեկտրոնային ձևով: