
Ուկրաինայի խորհրդարանը վերստին չի կարողացել սկսել իր աշխատանքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցություններն այսօր առավոտյան վերստին արգելափակել են Գերագույն ռադայի աշխատանքները: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակը:
Վերջինիս խոսքերով՝ խորհրդարանի դահլիճում գրանցված է եղել միայն 214 պատգամավոր, ինչի համար էլ հնարավոր չի եղել սկսել նիստը: Ռիբակն անգամ չի հայտարարել նիստի բացման մասին: Որոշում ընդունելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանի նիստին ներկա գտնվի առնվազն 226 պատգամավոր:
Ռիբակը հավելել է, որ պատգամավորները հավաքվելու են նաև վաղն առավոտվա նիստին, և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին հրավիրել է խորհրդաժողովի: Երեքշաբթի Գերագույն ռադան հրաժարվել էր անվստահություն հայտնել վարչապետ Նիկոլայ Ազարովի կառավարությանը: Դրանից հետո ընդդիմությունն արգելափակել է խորհրդարանի աշխատանքները:
Ուկրաինայի խորհրդարանն ունի 450 անդամ: