«Առավոտ». 500-ի գործոնը

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.
ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան այցի օրը Մաքսային միության (ոչ թե Պուտինի և Ռուսաստանի) դեմ բողոքող երիտասարդների «որակը» որոշակի հույսեր է ներշնչում։ Զգուշավոր լավատեսությամբ արձանագրենք, որ 22 տարում Հայաստանում մեծացել են հարյուրավոր երիտասարդներ, որոնք՝ ա/ Հայաստանից ոչ մի պարագայում չեն գնալու, բ/ ուզում են ապրել անկախ երկրում, գ/ ոչ մեկից չեն վախենում, դ/ոչ մեկի ասածը հալած յուղի տեղ չեն դնում։ Եթե նույնիսկ այդպիսի 500 երիտասարդ կա, դա արդեն իսկ նվաճում է, որովհետեւ 500 ակտիվ, համոզմունքներ ունեցող երիտասարդներն ավելի ընդունակ են փոխել իրավիճակը, քան 500 հազար կոմունիստական երշիկի մասին երազող թոշակառուները, որոնք ընտրությունների ժամանակ կգան հանրահավաքների, կփնթփնթան, կհայհոյեն, կանիծեն, հետո սուսուփուս կվերցնեն իրենց 5000 դրամանոցները և կգնան ընտրությունների։
Այդ մի քանի հարյուր երիտասարդները, հուսով եմ, «կթարգմանեն» հասարակության (այդ թվում՝ հիշյալ թոշակառուների) դժգոհությունը ժամանակակից ռացիոնալ լեզվով ու կտարածեն այն գաղափարները, որոնք իսկապես կարող են միավորել հասարակությունը։ Ենթադրելի է, որ այդ գաղափարները կունենան որոշակի ազգայնական երանգ։ Անձամբ ես ազգայնականության նկատմամբ որևէ համակրանք չունեմ, բայց իրադարձությունների տրամաբանությունը հուշում է, որ եթե Հայաստանում պետք է լինեն ինչ-որ գաղափարներ, ապա զարգացման ներուժ, ինձ թվում է, ունեն հենց ազգայնական գաղափարները։ Դա որոշ չափով «պատասխան է» ռուսական ազգայնականությանը, Պուտինի «բյուզանդական» հավակնություններին, արհամարհական, «խալաթային» վերաբերմունքին, հայոց լեզվի, մշակույթի, ընդհանրապես ինքնիշխանության հանդեպ ոտնձգություններին։ Պետք է օբյեկտիվորեն ընդունել նաև, որ «ոչ ազգայնական» (ազատական և սոցիալիստական) գաղափարները խորը ճգնաժամ են ապրում…

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս