
Ջո Բայդենը Սի Ծինփինի հետ քննարկել է Չինաստանի ՀՕՊ-ի նոր գոտու հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններում հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ճանաչում Արևելա-չինական ծովում Չինաստանի սահմանած ՀՕՊ-ի նոր գոտին և Պեկինից ակնկալում է այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն լարվածության նվազեցմանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը: Վերջինիս խոսքերով՝ փոխնախագահ Բայդենը մանրակրկիտ ներկայացրել է տվյալ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ իրենք մտահոգված են Չինաստանի քայլերի կապակցությամբ և նրանից ակնկալում են լարվածության նվազեցմանը միտված քայլեր:
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ այժմ գնդակը գտնվում է Չինաստանի կիսադաշտում, և իրենք հետևելու են, թե առաջիկա օրերին ու շաբաթներին ինչպես կծավալվեն իրադարձությունները: Չինաստանը նոյեմբերի վերջին հայտարարել էր Արևելա-չինական ծովում ՀՕՊ-ի իր նոր գոտու սահմանման մասին, որը տարածվել էր նաև վիճելի Դյաոյույդաո (ճապոնական անվանումը՝ Սենկակու) կղզիների վրա: