ՀՀ նախագահը ճիշտ որոշում է կայացրել՝ Մաքսային միությանն անդամագրվելով. Արա Աբրահամյան
«Ժողովուրդը միշտ էլ սպասելիքներ է ունենում, երբ բարձր ղեկավարներ են գալիս Հայաստան, և այս անգամ էլ, ինչպես միշտ, սպասելիքները դրական են, հատկապես մենք՝ հայերս, միշտ մտածում ենք , որ լավ լինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցին: Նշենք, որ այս պահին Գյումրիի դրամատիկական թատրոնում ՀՀ և ՌԴ նախագահների այցին սպասողների թվում էին ռուս և հայ պատգամավորներ, գործարարներ, այդ թվում՝ ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Մեզ հետ զրույցում նա նշեց, թե Պուտինի այցը փոփոխությունների կհանգեցնի, ապա ավելացրեց, որ նրա այցն արդեն իսկ դրական երևույթ է: «Կան շատ-շատ ծրագրեր, որ պետք է իրականացվեն, և այս ֆորումը, որը շուտով կմեկնարկի, իրենց դերն ու նշանակությունն ունի, որովհետև բավական մեծ քանակությամբ գործարարներ են գալիս, հեղինակավոր մարդիկ, օլիգարխներ և այլք: Պետք է համագործակցել իրար հետ, բանակցել մեր բիզնեսմենների հետ, հասկանալ, թե որտե՞ղ է իրենց շահը, ի՞նչն է իրենց միացնում, որտե՞ղ կարող են միասին համագործակցել ու շահավետ աշխատել»,- մանրամասնեց նա:
Մաքսային միությանն անդամագրվելու քայլը Հայաստանին, ըստ Արա Աբրահամյանի, կտա միայն դրականը, ուստի նա հորդորեց հարցին էմոցիոնալ չմոտենալ, ապա ավելացրեց. «Բայց, որ մեր երկրի շահերից է ելնելու, դա՝ միանշանակ: Նախագահն առաջին հերթին՝ նայում է իր երկրի շահին: Թե ի՞նչ պետք է ստանա Հայաստանն անդամակցության արդյունքում, կասեն փորձագետները. նախագահի ապարատը, խորհրդատուները և բոլորը երկար ուսումնասիրելուց հետո եկել են այն եզրակացության, որ ՄՄ մտնելը մեր երկրի շահերից է»:
Մեր հարցին, թե չե՞ք ափսոսում, որ Եվրոպական միությանը չանդագրվեցինք, և երկար բանակցություններից հետո միայն կես էջանոց համատեղ հայտարարություն ընդունեցիք, նա այսպես պատասխանեց. »Եթե մի դրական բան ասեք, որ բանակցել են ու հաջողության են հասել, ես կհայտնեմ իմ ափսոսանքը, բայց ի՞նչը ափսոսենք, եթե ոչ մեկին ոչ մի թուղթ չենք տվել, ոչ մեկը չգիտի՝ ինչի մասին է խոսքը. Ի՞նչը ափսոսանք»: Մեր դիտարկմանը, թե Մաքսային միության թղթերն էլ չենք տեսել, Արա Աբրահամյանն ասաց. «Չէ, բոլորն էլ տեսել են, բոլորն այդ մասին ասում են: Եթե դուք չեք տեսել, դա արդեն խնդիր է: Կոնկրետ ասվել է կետ առ կետ, մոտ 25 թերթ: Ես մոտ 30 կետ ասել եմ, որ ի օգուտ Հայաստանի կա, իհարկե, դա կլինի՝ նաև հօգուտ Ռուսաստանի»: Նա ընդգծեց, թե իր կարծիքով՝ ՀՀ նախագահը ճիշտ որոշում է կայացրել՝ Մաքսային միությանն անդամագրվելով:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում խոսակցություններին, թե ՄՄ-ն ԽՍՀՄ վերստեղծման մոդել է, նա այսպես պատասխանեց. «Ոչ մեկը չի ստեղծում, որ ասեմ՝ լա՞վ, թե՞ վատ է… Ես ձեզանից եմ առաջին անգամ լսում, որ Խորհրդային Միությունում են ստեղծում»: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե միանալով ՄՄ-ին՝ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը, ապա Արա Աբրահամյանը հորդորեց ուշադրություն դարձնել եվրոպական երկրներին՝ համարելով, թե այնտեղ սուվերենության կորուստ կա: «Համեմատել չի կարելի: Վերցրեք մի որևիցե երկիր՝ Խորվաթիան, Բուլղարիան, Ռումինիան, տեսեք՝ իրե՞նք ինչ են կորցրել, ու մե՞նք ինչ ենք կորցնում: Ամեն ինչ համեմատության մեջ է, Ռուսաստանն էլ է կորցնում՝ մեզ հետ միանալով, մենք էլ՝ իր հետ միանալով: Բայց դա ավելի քիչ է, քան, եթե Եվրոպայի հետ միանայինք»: