Գյումրու դրամատիկական թատրոնում սպասում են Պուտինին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ այսօր Հայաստանում սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը: Մի քանի ժամից Վ. Պուտինը արդեն կլինի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ սպասվում է «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովը: Քանի որ լրագրողները դրամատիկական թատրոնից ելքի հնարավորություն չունեն, այս պահին դժվար է ասել, թե կոնկրետ երբ կժամանեն նախագահները: Բայց նշենք, որ դահլիճն արդեն լիքն է՝ ներկա են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՌԴ պետդումայի պատգամավորներ, գործարարներ, ովքեր սպասում են նախագահների ժամանմանը: Նշենք, որ այսօր կայանալիք լիագումար նստաշրջանին ողջույնի խոսքով հանդես կգան երկու նախագահները, իսկ հիմնական զեկույցներով կներկայանան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՌԴ տարածքային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը։ Գյումրիում Վլ. Պուտինի մասնակցությամբ կկայանա նաև համաժողովի լիագումար նստաշրջանը, պատվիրակությունը կայցելի Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան։ ՌԴ նախագահի պետական այցը կեզրափակվի դեկտեմբերի 3-ին Երևանում 9 կլոր սեղանների թեմատիկ քննարկումով։

Տեսանյութեր

Լրահոս