
Վլադիմիր Պուտինը պետական այցով այսօր ժամանում է Հայաստան. Կրեմլ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով այսօր ժամանում է Հայաստան: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Նրա հաղորդմամբ՝ Պուտինի այցը մեկնարկելու է Գյումրիից, ուր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելելու է 102-րդ ռուսական ռազմակայան ու մասնակցելու է հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ ֆորումի աշխատանքներին:
Դրանից հետո Երևանում կանցկացվեն հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններ: Օրակարգում կլինեն երկկողմ համագործակցության առանցքային հարցերը, այդ թվում նաև առևտրային-տնտեսական ու մշակութային-հումանիտար ոլորտներում:
Ենթադրվում է, որ կողմերը կարծիքներ կփոխանակեն այն պայմանավորվածությունների կատարման շուրջ, որոնք ձեռք են բերվել սեպտեմբերի 3-ին Սարգսյանի մոսկովյան այցի ժամանակ: Բացի այդ, քննարկվելու են Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տիրույթին Հայաստանի միանալու ուղղությամբ կատարվելիք հետագա քայլերը: Բանակցությունների արդյունքներով ստորագրվելու են մի շարք համատեղ փաստաթղթեր: