Արմեն Աշոտյան. Մաքսային միության համար Հայաստանն ունիկալ երկիր է լինելու. միակ երկիրն է, որտեղ ռուսերենը պետական լեզու չէ…

«Եվրամիության և Եվրասիական միության միջև գոյություն ունեցող աշխարհաքաղաքական պայքարով հանդերձ, մեկ է՝ այդ երկու միությունները կիսում են նույն քաղաքակրթական արժեքները, դա ընդհանուր քաղաքակրթական տարածք է և եվրոպական ժառանգությունն ու եվրոպական արժեքները մի երևույթ են, որից Հայաստանը երբեք չի հրաժարվի: Որովհետև մեր ժողովուրդը հազարամյակաների ընթացքում եվրոպական արժեքների ստեղծման մեջ լուրջ դերակատարում է ունեցել և եվրասիական մայրցամաքում բնակվող ժողովուրդների համար մեծ շռայլություն կլինի թողնել «եվրոպական արժեքներ» ասվածը միայն ԵՄ անդամ երկրներին»: Այսօր Կազանում ընթացող Եվրասիական տնտեսական ֆորումի պլենար նիստում հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը:

168.am-ի հետ զրույցում Ա.Աշոտյանը հայտնեց, որ իր ելույթում կարևորություն է տվել նրան, որ անգամ Վիլնյուսի և Կազանի հավաքներից հետո Հայաստանի եվրասիական ինտեգրման թափը և ծավալը պետք է ավելանա, ՀՀ-ն շահագրգիռ է, որ նոր լիցք հաղորդվի եվրասիական ինտեգրման գործընթացներին:
ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Մաքսային միության համար Հայաստանն ունիկալ երկիր է լինելու. «Միակ անդամ երկիրն է լինելու, որտեղ ռուսերենը պետական լեզու չէ, Սահմանադրությամբ ամրագրված միակ պետական լեզուն հայերենն է, և ռուսերենի կարևորությունը բացառապես դիտվում է որպես ազգամիջյան շփումների, քաղաքակրթական, ռուսալեզու մշակութային ժառանգությանը հաղորդակցվելու և հաջող կարիերա անելու տեսակետից»:

Ըստ Աշոտյանի՝ եվրասիական ինտեգրման գործընթացը կարիք ունի ճիշտ տեղեկատվական սատարման, ճիշտ տեղեկատվական քաղաքականության, ինչի պակասը ՀՀ-ում զգացվում է: Ա.Աշոտյանը թվարկել է Մաքսային միության մեջ ՀՀ-ի «ունիկալ» դերակատության մի քանի կետեր: Մասնավորապես՝ առաջին ու, ըստ ամենայնի, վերջին Հարավկովկասյան պետությունն է, որ մտնելու է Մաքսային միություն, ՀՀ-ն այն պետությունն է, որի շնորհիվ ՄՄ-ն անիջական շփման մեջ է մտնում Առաջավոր Ասիայի, Մերձավոր Արևելքի և Իրանի հետ, և 3-րդ ՝ աշխարհասփյուռ հայության գործոնը հաշվի առնելով, սփյուռքը լուրջ կոմպոնենտ կարող է լինել ՀՀ-ի կարևորությունը ՄՄ-ում ընդգծելու համար:

«Այս ամենն ի մի բերելով՝ փաստենք, որ այսօր ՀՀ-ում ավելի շատ Եվրոպա կա, քան 5 տարի առաջ էր: Վերջին տարիների ընթացքում մեր համագործակցության ծրագերը ԵՄ հետ Արևելյան գործընկերության շրջանակներում բերել են նրան, որ մենք ՀՀ-ում ավելի շատ եվրոպական ինստիտուտներ և եվրոպական ներկայություն ունենք և մեր  ցանկություն է, որ սեպտեմբերի 3-ից մեկնարկած Հայաստանի եվրասիական ինտեգրումը հանգեցնի նրան, որ շատ մոտ ապագայում մենք ավելի շատ Եվրասիա ունենանք ՀՀ-ում, քան այսօր է: Որովհետև մեր վերջնական նպատակն է՝ Հայաստանը եվրասիական տարածքում եվրոպական երկիր տեսնելը»,- ասաց Ա.Աշոտյանը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը բացելու խնդրին՝ նախարարը տեղեկացրեց նաև, որ սեկցիոն, մասնագիտական քննարկումների ընթացքում այդ խնդիրը բարձրացվել է, և ոչ միայն Թուրքիայի հետ սահմանի բացման, այլև առհասարակ՝ ՀՀ համար դեպի մեծ աշխարհ երկաթգծի ելք ունենալու հնարավորությունը. «Խոսքը ոչ մայն հայ-թուրքական սահմանի բացման և երկաթգծի վերագործարկման, այլ նաև աբխազական երկաթգծի վերագործարկման մասին է: Մասնագիտական քննարկումները շարունակվելու են այլ ձևաչափերով, հատկապես Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերից հետո ակնկալում ենք, որ այդ ծրագրերն ավելի հստակ ուրվագծված կլինեն: Աբխազական երկաթգծի վերագործարկման հարցը ավելի բարդ խնդիր է, քանի որ կապված է Վրաստանի, Ռուսաստանի, Հայաստանի և Աբխազիայի իշխանությունների հնարավոր համատեղ ջանքերի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս