Պաշտպանը հոգեբուժարանում հանդիպել է Շանթ Հարությունյանին
Շանթ Հարությունյանի պաշտպանն այսօր հոգեբուժարանում հանդիպել է նրան: Ինեսսա Պետրոսյանի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալի վիճակը նորմալ է, նա որևէ բողոք չունի, գոհ է հոգեբուժարանի անձնակազմից, սակայն անհանգստացած է այն հանգամանքով, որ իրեն դատահոգեբուժական փորձաքննության են ենթարկում: Ինչպես հայտնի է, դատարանի որոշմամբ՝ Շանթ Հարությունյանը ենթարկվում է դատահոգեբուժական փորձաքննության. նոյմբերի 20-ից նա գտնվում է «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ Շ. Հարությունյանին առաջադրված մեղադրանքն անօրինական և ապօրինի է: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս): Պաշտպանի փոխանցմամբ, ըստ մեղադրանքի, Շանթ Հարությունյանը ձեռքին եղած փայտե մահակով մի քանի հարվածներ է հասցրել ոստիկանության Երևանի քաղաքի վարչության երկրորդ բաժանմունքի պետ Էդգար Ալեքսանյանի մարմնի տարբեր մասերին: Պաշտպանի խոսքով՝ ոստիկանը քաղաքացիական հագուստով է եղել և չի ներկայացել: Պաշտպանի փոխանցմամբ՝ Շանթ Հարությունյանն իրեն առաջդրված մեղադրանքը չի ընդունել և ցուցմունք չի տվել դրա հետ կապված: «Շանթ Հարությունյանը չէր կարող իմանալ տվյալ անձնավորությունը ոստիկանության աշխատակի՞ց է, թե՞ ոչ: Ինչպես գիտեք, այնտեղ եղել են շատ անձիք, որոնք եղել են ոչ թե համազգեստով, այլ եղել են քաղաքացիական հագուստով»,- ասաց փաստաբանը: Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ Շանթ Հարությունյանը չի էլ հասցրել նոյեմբերի 5-ին իր երթը սկսել, երբ սադրիչները «սադրում են այդ դեպքերը»: Պաշտպանի խոսքով՝ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել, սակայն նրանցից մի քանիսին Շանթ Հարությունյանը չի ճանաչում և չի բացառում, որ նրանք սադրիչներ են եղել: Ինեսսա Պետրոսյանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը նախապես տեղեկացրել է, որ խաղաղ երթ է իրականացնում և խնդրել է չսադրել, ասել, որ սադրանքների դեպում կլինի նաև համարժեք պատասխան: «Դա է ամբողջ պատճառը, որ Շանթ Հարությունյանը իր հետ բերել է այդ փայտերը»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ Շանթ Հարությունյանի խոսքով՝ ինքը նկատի է ունեցել նաև 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցածը: Փաստաբանը փոխանցեց նաև Շանթ Հարությունյանի խոսքերը. «Ինքս գիտակցել եմ, որ իշխանությունները կարող են այդ շարժումների նկատմամբ դրսևորել վատ վերաբերմունք, տապալել դրանք, և ես որոշել էի, որ մենք էլ պետք է վճռական լինենք, և փաստորեն եթե իրենք մեր վրա հարձակվեն, միայն այդ դեպքում վճռական պատասխան տրվի»: Ինեսսա Պետրոսյանը ներկայացրեց նաև Շանթ Հարությունյանի դիքորոշումը. «Մենք նույնպես վճռական ենք եղել, անզիջում մեր սահմանադրական իրավունքը իրականացնելու: Եվ ասում է՝ թող ինձ և իմ ընկերներին չխառնեն նաև մյուս ընդդիմադիրների հետ: Մենք ունեցել ենք փաստորեն հստակ նպատակ»: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հանդիպման ընթացքում Շանթ Հարությունյանն ասել էր, որ անձամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա տեղակալ Հունան Պողոսյանն իր նկատմամբ բռնություն են կիրառել, Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ Շանթ Հարությունյանը նշել է, որ այդ հարցերին կանդրադառնա հետագայում: 168.am-ի հարցին՝ ինչով է Շանթ Հարությունյանը բացատրում իրեն դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու որոշումը, այն դեպքում, երբ ինքը պնդում է, որ հոգեկան խնդիրներ չունի, Ինեսսա Պետրոյանը պատասխանեց. «Ինքն էլ, երբ դատարանում քննարկվում էր միջնորդությունը, բնականաբար առարկում էր, և ինքն էլ դա գնահատեց որպես իշխանությունների կողմից իր նկատմամբ կատարվող ոչ ադեկվատ,վատ արարք: Ամեն դեպքում, ինքն ասում է՝ կա եզրակացություն, որտեղից պարզ երևում է, որ ես հոգեպես առողջ եմ: Եթե ես դուրս եմ եկել պայքարի, դա դեռ չի նշանակում, որ ինձ պետք է տեղավորել հոգեբուժական հիմնարկում»: Շանթ Հարությունյանի փաստաբանը վերաքննիչ քրեական դատարան է բողոքարկել իր պաշտպանյալին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին որոշումը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի