
Վիլնյուսում ավարտվել է Վրաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման տեխնիկական գործընթացը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արդեն իսկ ավարտվել է Վրաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման տեխնիկական գործընթացը, որն անցել է Լիտվայի ԱԳՆ-ում և տևել է մի քանի ժամ: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ներկայացուցիչը:
Փաստաթղթի այն մասը, որն առնչվում է ԵՄ-ի հետ Ասոցացմանը, ստորագրել է Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին, իսկ այն մասը, որը վերաբերում է ազատ առևտրին, ստորագրել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման փոխնարար Միխայիլ Ջանելիձեն:
ԵՄ-ի կողմից փաստաթուղթը ստորագրել են ԵՄ-ի արտաքին քաղաքականության ծառայության՝ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Գունար Վիգանդը և Եվրահանձնաժողովի առևտրային հարցերով գլխավոր դեպարտամենտի ստորաբաժանման ղեկավար Ֆիլիպ Կուիսոնը:
Փաստաթուղթը բաղկացած է ավելի քան 1000 էջից, նախաստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ին: Փաստաթուղթը խորհրդանշական կերպ ստորագրելու է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Վրացական կողմն ակնկալում է, որ համաձայնագիրը վերջնականապես կստորագրվի 2014 թվականի սեպտեմբերին: