Պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումից էապես կշահեն բանկերը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Համաշխարհային բանկն այսօր ներկայացրել է «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն, միակցելիություն» նոր զեկույցը։ Դրանում բավականին լուրջ քննադատություն կա ՀՀ ֆինանսական համակարգի, այդ թվում՝ առևտրային բանկերի հասցեին։ Մասնավորապես, ՀԲ մասնագետները նշում են, որ ֆինանսական միջնորդության մակարդակը ցածր է, ֆինանսական ոլորտը բավարար չնափով չի վարկավորում տնտեսությանն ու խտրական վերաբերմունք է ցուցաբերում՝ նախապատվությունը տալով մեծ ընկերություններին։
Ու չնայած սրան՝ Համաշխարհային բանկը հայաստանյան բանկերի համար ուրախալի կանխատեսում ունի՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակների հետ։ «Ֆինանսական շուկայի զարգացմանը հավանաբար էապես կնպաստի կենսաթոշակների նոր պարտադիր կուտակային համակարգի անցման արդյունքում կենսաթոշակային հիմնադրամներում պահպանվող անհատականացված հաշիվներից ակնկալվող միջոցների ներհոսքը: Ըստ կանխատեսումների` 2020 թ. ներդրումների համար մատչելի ազատ միջոցները կավելանան գրեթե 2 մլրդ դոլարով: Դա նշանակալի գումար է Հայաստանի պայմաններում, որտեղ ընդհանուր բանկային ակտիվները 2010 թ. կազմել են մոտ 6 մլրդ դոլար»,- նշվում է զեկույցում: