ԱՎԾ-ն պնդում է՝ ՀՀ-ում աղքատությունը նվազել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական-վերլուծական զեկույցը, որում տրվում է 2008-2012թթ. Հայաստանի սոցիալական վիճակի և կենսամակարդակի փոփոխությունները: Հայաստանում բարեկեցության մակարդակը գնահատելու համար օգտագործվել է սպառման ագրեգացված ցուցանիշը: Միջազգային փորձից ելնելով` ընդունված է, որ սպառումն ավելի ճշգրիտ տեղեկատվություն է ներկայացնում և այդքան էլ զգայուն չէ կարճատև տատանումների նկատմամբ, քան եկամտի ցուցանիշը, հատկապես՝ անցումային տնտեսությամբ երկրներում:
Ըստ զեկույցի՝ 2012-ին արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում նախորդ տարվա համեմատ: Այսպես՝ 2012թ. աղքատության մակարդակը կազմել է 32.4%, ինչը 7.4%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից (35.0%): 2012թ. բնակչության մոտ ամեն երրորդը` 32.4%, եղել է աղքատ, նրանցից 13.5%-ը` շատ աղքատ, իսկ 2.8%-ը `ծայրահեղ աղքատ: Չնայած որ 2012-ին 2011-ի նկատմամբ աղքատության մակարդակը նվազել է, սակայն 2008-ի համեմատ թե´ աղքատության մակարդակը, թե´ դրա խորությունն ու սրությունը դեռևս գերազանցում են այն: 2012թ. աղքատների թվաքանակը կազմել է մոտ 980 հազար (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), շատ աղքատների թվաքանակը`408 հազար մարդ, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 85 հազար:
Աղքատության խորության 5.6% գնահատականը ցույց է տալիս, որ եթե երկիրը հնարավորություն ունենար յուրաքանչյուր անհատի հաշվով (և աղքատ, և ոչ աղքատ) հավաքագրելու (մոբիլիզացնելու) աղքատության գծի 5.6%-ին համարժեք ռեսուրսներ, և եթե այդ ռեսուրսները հատկացվեին աղքատներին, ապա աղքատությունը տեսականորեն կվերանար, ենթադրելով, որ աղքատներին ուղղված աջակցությունն ամբողջությամբ հատկացվում է աղքատներին: Եթե աղքատության խորությունը հաշվարկվում է միայն աղքատ բնակչության հաշվով, ապա այն ցույց է տալիս աղքատության պակասուրդը, այսինքն` թե որքանով է աղքատների միջին եկամուտը (կամ սպառումը) ցածր աղքատության գծից:
Աղքատության սրությունն արտացոլում է աղքատների միջև եղած անհավասարությունը, որն արտացոլում է այն փաստը, որ որոշ աղքատների սպառումը շատ է հեռու աղքատության գծից, իսկ որոշ աղքատներինը` շատ մոտ: 2012թ. աղքատության սրությունը եղել է 1.6%:
2012թ.՝ 2008-ի նկատմամբ ավելացել է ծայրահեղ աղքատության մակարդակը` 1.8 անգամ (կամ 1.2 տոկոսային կետով), շատ աղքատների մակարդակը`7.1%-ով (կամ 0.9 տոկոսային կետով), իսկ ընդհանուր աղքատության մակարդակը`17.4%-ով (կամ 4.8 տոկոսային կետով):
2012թ. աղքատության խորությունը գնահատվել է 5.6%` 2008-ի 5.1%-ի համեմատ (աճը 9.8% կամ 0.5 տոկոսային կետով), իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.6%` 2008-ի 1.4%-ի համեմատ (աճը 14.3% կամ 0.2 տոկոսային կետով): Աղքատության գծի նկատմամբ աղքատների համար անհրաժեշտ լրացուցիչ սպառման պակասուրդը, արտահայտված տոկոսներով, կազմել է 17.4%:
Աղքատությունը 2012թ. շատ չի տարբերվում՝ ըստ քաղաքային (32.5%) և գյուղական բնակավայրերի (32.1%): 2008-2012թթ. աղքատության մակարդակի աճը քաղաքային բնակավայրերում մի փոքր ավելի արագ էր ընթանում, քան գյուղական բնակավայրերում (4.9 տոկոսային կետ` 4.6 տոկոսային կետի դիմաց):
Երկրում աղքատության մակարդակն ըստ տարածաշրջանների՝ ամենացածրն է մայրաքաղաք Երևանում (25.6%) և 1.6 անգամ ցածր է, քան Երևանից դուրս, այլ քաղաքային բնակավայրերում: 2012թ.՝ 2008-ի համեմատ աղքատության աճը Երևանում կազմել է 5.5 տոկոսային կետ, Երևանից դուրս, այլ քաղաքային բնակավայրերում`4.4 տոկոսային կետ: Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է՝ ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (64.6%) քաղաքաբնակներ են:
Հավելենք, որ զեկույցում 2012-ին աղքատության ընդհանուր, վերին և ստորին, ինչպես նաև՝ ծայրահեղ աղքատության գծերն արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են, համապատասխանաբար` 37 044 դրամ (կամ 92.2 ԱՄՆ դոլար), 30 547 դրամ (կամ 76.0 ԱՄՆ դոլար) և 21 732 դրամ (կամ 54.1 ԱՄՆ դոլար): Զեկույցի հեղինակները նշում են, որ 2008-2012թթ. Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարևոր գործոնը 2009-ի տնտեսության խոր անկումն էր`14.1%: Հայաստանի տնտեսությունը 2010-ին մի փոքր աճեց նախորդ տարվա նկատմամբ, սակայն աճը կազմեց միայն 2.2%, 2011-ին՝ 2010-ի նկատմամբ`4.7%: Փոքր չէր 2012թ. ՀՆԱ-ի աճը` 7.2%, սակայն դա դեռևս բավարար չէր հասնելու 2008-ի մակարդակին: Ողջ բնակչության միջին ամսական իրական սպառումը 2008-ի համեմատ աճել է 6.3%-ով: Աճը արձանագրվել է սպառման բոլոր քվինտիլներում: