Առաքել Միրզոյանի սիրտը դեռ ազատ է
Հայկական սպորտի պատմության փայլուն էջերի մեծ մասը կերտել են մեր ծանրորդները՝ ժողովրդին նվիրելով արժանապատվության ու հպարտության բազմաթիվ պահեր: Նրանցից մեկը 69 կգ քաշային կարգում 2009թ. Եվրոպայի ոսկե և աշխարհի արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանն է՝ մեր այսօրվա զրուցակիցը:
– 2012 թ. օլիմպիական խաղերին ակնկալիքներն Առաքել Միրզոյանից շատ էին, սակայն իրականություն չդարձան: Ի՞նչն էր անհաջողության պատճառը, և այսօր ինչո՞վ եք զբաղված:
– Ինչպես գիտեք՝ օլիմպիական խաղերից առաջ՝ մարզումների ժամանակ, ստացա լուրջ վնասվածքներ: Լիովին դեռ չէի վերականգնվել, այդ պատճառով չկարողացա արդարացնել մեր ժողովրդի՝ ինձ հետ կապված հույսերը: Այժմ շարունակում եմ մարզվել, որովհետև լուրջ նպատակներ ունեմ. ցանկանում եմ կրկնել հաջողություններս և հասնել նոր հաջողությունների:
– Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի ծանրամարտի այսօրվա վիճակը:
– Այսօրվա վիճակը նորմալ է:
– Եթե գտնում եք, որ նորմալ է, այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված վերջին երկու տարիների մեր մարզիկների անհաջող ելույթները. արդյոք կապվա՞ծ է Աշոտ Մխիթարյանի անժամանակ մահվան հետ, ինչպես նշում են շատերը:
– Աշոտ Մխիթարյանը եղել է մեր լավագույն մարզիչներից մեկը և մեծ ներդրում ունի ծանրամարտի զարգացման մեջ: Բայց գտնում եմ, որ պետք չէ բոլոր հաջողությունները կամ անհաջողությունները կապել մեկ անձի հետ:
– Հավանաբար տեղյակ ես վերջին օրերին մամուլում շրջանառվող այն նյութերին, որոնք վերաբերում են Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Լուրերի համաձայն՝ ՀՕԿ-ում նախատեսվում են փոփոխություններ:
– Ես հպարտ եմ, որ ունենք այնպիսի հզոր սպորտային ղեկավար, ինչպիսին Գագիկ Ծառուկյանն է: Չեմ կարող չնշել և չբարձրաձայնել, որ շատ երկրներ կերազեին ունենալ նման սպորտային ղեկավար: Մարդ, ով մեծ հարգանք ունի մարզիկի և մարզիչի նկատմամբ, մարդ, ով հասկանում է, թե ինչ է սպորտը, մարդ, ով մեծ ներդրում ունի հայկական սպորտի զարգացման մեջ: Ես՝ որպես գործող մարզիկ, չեմ տեսնում մեկին, ով կարող է փոխարինել Գագիկ Ծառուկյանին, և ցավ եմ ապրում այն մարդկանց համար, ովքեր փոխանակ նպաստեն հայկական սպորտի զարգացմանը, զբաղվում են նման ստահոդ լուրերի տարածմամբ:
– Սոցիալական ցանցերից մեկում տեղադրված քո նկարներից երևում է, որ բացի մարզական մեդալներից՝ ստացել ես նաև այլ մեդալ: Կպատմե՞ս՝ ի՞նչ մեդալ է:
– Նկարներում երևացող մեդալը, որ միշտ հպարտությամբ կրում եմ, սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան մեդալն է, որը ստացել եմ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից՝ բանակում ծառայելու ժամանակ երկու տարի անընդմեջ սպորտային հաջողություններ ունեցող 10 լավագույն մարզիկներից առաջինը լինելու համար:
– Հայտնի է, որ չնայած երիտասարդ տարիքիդ, արդեն հասցրել ես նաև բարեգործություն՝ նվիրատվություն կատարել:
– Այո: Մեծ սիրով օգնել եմ Սիսիանի Անգեղակոթ գյուղի այն դպրոցականներին, ովքեր ունեն դրա կարիքը: Դա իմ նախաձեռնությունն էր և ցանկությունը: Իսկ թե ինչո՞ւ Անգեղակոթ գյուղի դպրոցականներին, որովհետև այնտեղ է ծնվել հայրս՝ Օգսեն Միրզոյանը: Նվիրատվությունը շարունակական կլինի իմ կողմից:
– Պարապմունքներից բացի, ինչո՞վ ես զբաղվում:
– Քանի որ բնավորությամբ ակտիվ եմ, սիրում եմ ակտիվ հանգիստ: Զբաղվում եմ որսորդությամբ, ձիավարությամբ: Սիրում եմ շրջագայել և խաղալ մեծ թենիս:
– Ազա՞տ է երիտասարդ ծանրամարտիկի սիրտը, թե՞ …
– Սիրտս դեռ ազատ է: Երևի դեռ չեմ հանդիպել նրան, ով ինձ պետք է, կամ հանդիպել եմ, բայց դեռ չեմ զգում: Կարծում եմ, որ այդ օրն էլ կգա: Ինձ համար շատ թանկ է ընտանիքի գաղափարը, և գտնում եմ, որ մարզիկի հաջողության գրավականներից մեկն էլ ամուր ու գեղեցիկ ընտանիք ունենալն է:
ՔՆԱՐ ՄԻՍԱԿՅԱՆ