
Գագիկ Ծառուկյանը Հռոմում մասնակցել է ԵՕԿ նախագահի ընտրությանը (տեսանյութ)

Նոյեմբերի 22-ին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 42-րդ գլխավոր համաժողովի օրակարգի համաձայն կայացել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունը, որին մասնակցել են եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահները: Միակ թեկնածուն գործող նախագահ Պատրիկ Հիկեն էր, ով միաձայն վերընտրվել է: Պատրիկ Հիկեն ԵՕԿ-ը ղեկավարում է 2005թ-ից:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակից հայտնում են, որ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները տարբեր երկրների սպորտի ղեկավարների հետ շարունակվում են: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը նոյեմբերի 22-ին հանդիպեց ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ Շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահի հետ: Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է վերջին տարիների ընթացքում մեր մարզաշխարհում կատարված բարեփոխումները: Ալ Սաբահին իր խոսքում նշել է, որ մինչ այս շատ էր լսել Գագիկ Ծառուկյանի մասին և ուրախ է ծանոթության համար: ՀԱՕԿ նախագահը Ալ Սաբահին հրավիրել է Հայաստան, արաբ գործընկերն էլ Գագիկ Ծառուկյանին փոխադարձ այցով հրավիրել է Քուվեյթ:
Այս օրերին ՀԱՕԿ նախագահը Հռոմում պաշտոնական հանդիպումներ է ունեցել նաև Կիպրոսի, Էստոնիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Լատվիայի և Լիտվայի ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների հետ, իսկ նոյեմբերի 23-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին կընդունի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: