Վարորդները դժգոհում են՝ վճարում են, սակայն չեն կարողանում մեքենաները կայանել
ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ամեն ամիս վճարում են ավտոկայանման համար նախատեսված ամսական 2 հազար դրամը, որն, ըստ օրենքի, տնօրինում են Երևանի քաղաքապետարանը՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության հետ համատեղ: Սակայն բազմաթիվ դեպքերում, գծանշված տեղերում դրված են լինում փողոցի կողմից մուտք ունեցող կազմակերպությունների անվանումով կամ առանց անվանման գետնին տեղադրվող վահանակ-ձողեր, ինչը հնարավորություն չի տալիս վարորդներին կայանել ավտոմեքենան:
Այս իրողությունից «տուժած» մի քանի վարորդներ 168.am-ի հետ զրույցումդժգոհեցին՝ «գումար վճարենք ու չկարողանա՞նք օգտվել կայանելու հնարավորությունից: Այդ դեպքում ինչո՞ւ ենք վճարում այդ գումարը: Եթե այդ կազմակերպությունների ուժը հերիքում էր, թող այնպես անեին, որ այդ վայրերում գծանշում չկատարեին: Եթե քաղաքապետարանի բյուջե է վճարվում այդ գումարները, նշանակում է, որ կայանման հնարավորություն ստեղծելու կամ խոչընտոդները վերացնելու պարտականությունը քաղաքապետարանն է կրում»:
«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը 168.am-ին հայտնեց, որ ընկերությունը չի կարող այդ խնդրով մարդկանց/կազմակերպություններին տուգանել, այդ լիազորությունը չունի, բայց բազմիցս դիմել է և´ ոստիկանությանը, և´ քաղաքապետարանին՝ նմանատիպ խնդիրները բացառելու համար:
«Մենք էլ ենք նման զանգեր ստանում, փորձում աջակցել, լուծել: Դա ավելի շատ ոստիկանության լուծելիք խնդիրն է, որովհետև վարչական պատասխանատվության պետք է ենթարկվի տվյալ տարածքի սեփականտերը կամ տվյալ կազմակերպությունը: Եթե նա վարձակալության պայմանագիր ունենա քաղաքապետարնի հետ, կարող է խոչընդոտել այլ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, բայց այս դրությամբ ոչ մեկը պայմանագիր չունի: Հիմա ամբողջ Երևանի համար ավտոկայանատեղիների կազմակերպման մրցույթ է հայտարարվել»,- ասաց Վ. Հարությունյանը: