
Մանրամասներ` շտապօգնության բժշկուհուն սպանության սպառնալիքներ տալու մասին

Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 21-ին, ժամը 01.25-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Սասունցի Դավթի նրբանցքի տներից մեկը, որտեղ տան բնակիչը հարձակվել է բժիշկների վրա, դանակով սպառնացել և քաշքշուկ ստեղծել:
Մեկնած օպերատիվ խմբին շտապօգնության ենթակայանի բժշկուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 01.17-ին, շտապօգնության խումբը հիվանդ կնոջը բուժօգնություն ցուցաբերելու համար կանչով մեկնել է Սասունցի Դավթի նրբանցքի տներից մեկը, որտեղ մի տղամարդը հայտնելով, որ հիվանդն արդեն մահացել է, քաշքշել է իր հագուստներից, ոտքով հարվածել իր աճուկային շրջանին, այնուհետև խոհանոցային դանակով սպանության սպառնալիքներ է տվել իրեն ու խմբի մյուս աշխատակիցներին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն