Հացադուլ և ջրադուլ հայտարարած դատապարտյալի մոտ նկատվել է ստամոքսի արյունահոսություն. նա հրաժարվում է նաեւ բուժօգնությունից
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ`մի քանի օր առաջ Գյումրու շտապբուժօգնության կայանի բժիշկ 65-ամյա Աշոտ Գրիգորյանին ծեծելով մահվան հասցնելու եւ մահ պատճառելու մեջ մեղավոր ճանաչված 30-ամյա Արտակ Կարապետյանը, ով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման եւ գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում, հայտարարել էր հացադուլ, ապա ջրադուլ, որից հետո դատապարտյալի առողջական վիճակը կտրուկ վատացել էր եւ նրան ստիպված են եղել տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց:
Ա. Կարապետյանի հայրը՝ Արամայիս Կարապետյանը, նշում է, որ տղան հիվանդանոցում եւս հրաժարվել է սննդից եւ ջրից եւ ինքնագիտակցության գալուն պես՝ նաեւ դեղորայքից եւ անհրաժեշտ բժշկական միջամտությունից:
«Նա հենց գիտակցության է եկել, հրաժարվել է եւ պահանջել է, որ իրեն դարձյալ տեղափոխեն «Արթիկ» ՔԿՀ: Հայրը նաեւ ասում է, որ Ա. Կարապետյանի մոտ սկսվել է ստամոքսի արյունահոսություն: Բժիշկները նրա վիճակը անբավարար են գնահատում»,-կայքին փոխանցել է փաստաբան Թամարա Յայլոյանը:
Ավելի վաղ դատապարտյալը սպառնում էր նաեւ կարել իր բերանը ի նշան բողոքի:
30-ամյա Արտակ Կարապետյանը պահանջում է նորից քննել բժշկի սպանության գործը, քանի որ գտնում է, որ իրեն անտեղի են բանտարկել, եւ որ բժշկի սպանության մեջ իրական մեղավորն ինքը չէ:
Նա դիմումներ է հղել ՀՀ դատախազ Գ. Կոստանյանին եւ ՇՄ նորանշանակ դատախազ Ռ. Ասլանյանին՝ պահանջելով գործի նոր քննություն:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: