Գալուստ Սահակյանն էլ խոսեց ընդդիմության դիրքերից. «Զարուհին ու Նիկոլը ոչ պիտի ուտեին, ոչ էլ…»:
Երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն նրանց կրկին թույլ չեն տվել տեսակցել կալանավորվածների հետ: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանությամբ՝ օրենքով նախատեսված է ոչ թե տեսակցել, այլ՝ մուտք ու ելք անել ՔԿՀ: 168.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ում էլ օրենքի մեկնաբանության տարակարծություններ կան. Դավիթ Հարությունյանը պաշտպանել է ընդդիմության կարծիքը՝ համարելով, որ օրենքը ներառում է նաև տեսակցությունը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, անդրադառնալով խնդրին, ասաց, որ թեև չի ուզում մասնակցել իրավաբանների վեճին, այնուամենայնիվ, խոսեց ընդդիմադիրների դիրքերից. «Մի բան գիտեմ, որ օրենքը ապահովում է պատգամավորի մուտքը ցանկացած հիմնարկ, եթե դրանք օպերատիվ գործողությունների հետ կապված չեն: Թե այդ պահին ճիշտ են արել, թե ճիշտ չեն արել… Ես կարծոմ եմ, որ եթե օրենքը թույլ էլ չէր տալիս, Զարուհին ու Նիկոլը ոչ պիտի ուտեին, ոչ էլ պիտի կարողանային հրահանգներ տային: Չեմ ուզում այդ վեճի մեջ ընկնել, թող լիազոր մարմինը պատասխանի»: