
Վենեսուելայի խորհրդարանը համաձայնվել է Մադուրոյին օժտել հատուկ լիազորություններով

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի Ազգային ասամբլեան երեկ առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հատուկ լիազորություններ շնորհող օրինագիծը: Նշվում է, որ դրանք Մադուրոյին անհրաժեշտ են կոռուպցիայի և Վենեսուելային սպառնացող տնտեսական պատերազմի դեմ պայքարելու համար:
Օրինագծի օգտին քվեարկել է 165 պատգամավորից 99-ը, հենց ձայների այդչափ քանակն էլ բավական է եղել օրինագծի ընդունման համար: Ավելի վաղ օրինագծի ընդունման համար Մադուրոյի կողմնակիցներին չէր բավականացրել ընդամենը մեկ ձայն: Խորհրդարանի նախագահ Դիոսդադա Կաբելյոն հայտարարել է, որ խորհրդարանը օրինագիծը վերջնականապես կընդունի նոյեմբերի 19-ին:
Մադուրոն իրեն հատուկ լիազորություններ շնորհելու հարցով խորհրդարանին դիմել էր հոկտեմբերի սկզբին: Դրանց շնորհիվ Մադուրոն կարող է դեկրետներ ընդունել՝ առանց խորհրդարանի կողմից հավանության արժանացման: